Ադրբեջանի պաշտպանության նախարարին Բելառուսում ցուցադրել են «Պոլոնեզ» ՀԿՌՀ

Հոկտեմբերի 8-ին Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հրավերով այդ երկիր է մեկնել Ադրբեջանի ՊՆ, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։ Այցի առաջին օրը նա ծանոթացել է Բելառուսում արտադրվող 301 մմ տրամաչափի «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Բելառուսում․ հետևի պլանում՝ «Պոլոնեզ» ՀԿՌՀ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Բելառուսում․ հետևի պլանում՝ «Պոլոնեզ» ՀԿՌՀ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ Զաքիր Հասանովը և Բելառուսի ռազմական, քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները պետք է քննարկեն ռազմատեխնիկական, ռազմական կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները։

Այցի առաջին օրը Հասանովը եղել է Բելառուսի ռազմարդյունաբերական ընկերություններում, այցելել զորավարժարաններ։

Հրապարակված լուսանկարներից մեկում երևում է, որ Հասանովին ցուցադրել են նաև Բելառուսում արտադրվող 301 մմ տրամաչափի «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ն։ Դատելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունից՝ Բաքուն հետաքրքրված է այդ զինտեխնիկայի ձեռքբերմամբ։ Սակայն սա հաստատող այլ հայտարարություն, փաստ առայժմ չի հաջողվել գտնել։

Նման խոսակցություն տարածվել էր միայն 2016 թ․ ադրբեջանական լրատվակայքերից մեկում՝ Բելառուսի նախագահի Ադրբեջան այցի ընթացքում։ Բայց դա ևս չէր հաստատվել։

«Պոլոնեզ» ՀԿՌՀ-ն կրում է 301 մմ տրամաչափի 8 հրթիռ։ Բելառուսական կողմի պնդմամբ՝ առավելագույն հեռահարությունը 200 կմ է։

Ըստ Ռուսաստանյան «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (BMPD) բլոգի՝ Բելառուսում 2015 թ․ զորահանդեսին առաջին անգամ ցուցադրված զինտեխնիկան չինական General Army Tactical Strike System համակարգի՝ Բելառուսում հավաքվող տարբերակն է։

Սկզբում այն ցուցադրվել է նույնպես չինական արտադրության 301 մմ տրամաչափի A200 հրթիռներով, հեռահարությունը՝ 50-200 կմ։ 2017 թ․ Բելառուսում ցուցադրվել է հրթիռային համակարգի համար կրկին Չինաստանում արտադրված М20 բալիստիկ հրթիռը։ Նշվում է, որ М20-ի արտահանման տարբերակի հեռահարությունն արդեն մինչև 280 կմ է, մարտագլխիկի զանգվածը՝ 480 կգ։

Բելառուսում հավաքվող չինական «Պոլոնեզ» հրթիռային համալիրի М20 բալիստիկ հրթիռ

Բելառուսում հավաքվող չինական «Պոլոնեզ» հրթիռային համալիրի М20 բալիստիկ հրթիռ

«Պոլոնեզ» ՀԿՌՀ․ Բելառուսի ԶՈւ

«Պոլոնեզ» ՀԿՌՀ․ Բելառուսի ԶՈւ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *