Անրաժեշտության դեպքում Թուրքիայի զինուժը կներխուժի Սիրիայի Աֆրին շրջան. Թուրքիայի նախագահի խոսնակ

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիայի զինուժը գործողություններ կսկսի Սիրիայի հյուսիսում՝ քրդերի վերահսկողության ներքո գտնվող Աֆրին շրջանում:Փոխանցում է թուրքական CNN Turk հեռուստաընկերության կայքը:

Թուրքիայի զինուժը թրթուրավոր զրահամեքենաներ է ուղարկել Սիրիայի հետ սահման

Թուրքիայի զինուժը թրթուրավոր զրահամեքենաներ է ուղարկել Սիրիայի հետ սահման

«Անհրաժեշտություն լինի՝ կմտնենք, գործողության համար բոլոր պատրաստությունները արված են: Թուրքիան իր անվտանգության համար կմիջամտի ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ, երբ անհրաժեշտ կգտնի», — ասել է Քալընը:

Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիան մեծ թվով զինտեխնիկա է կուտակել անմիջապես Աֆրին շրջանին սահմանակից նահանգներում: Նոր զինտեխնիկայով և զինծառայողներով են համալրվել Աֆրինի անմիջապես հանդիպակաց նահագներում տեղակայված ստորաբաժանումները:

Սիրիայի հյուսիսում գործում է 2 փաստացի ինքնավար քրդական շրջան (կանտոն), որոնք վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» (PYD) և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG): Այդ երկու ինքնավար շրջանների միջև ընկած տարածքը ներկայում վերահսկում են Թուրքիայի զինուժը և նրանց աջակցող զինված խմբավորումները:

Թուրքական կողմը քրդական այս խմբավորումը համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) «սիրիական ճյուղավորում և ահաբեկչական կառույց»:

Միևնույն ժամանակ, Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից աջակցությունը լարվածություն է առաջացրել նաև թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքական կողմը բազմիցս կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական աջակցությունը Սիրիայի քրդերին:

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ քրդերին Միացյալ Նահանգների կողմից զենք մատակարարումների շարունակության դեպքում, Թուրքիան չի սահմանափակվի միայն զգուշացումներով: Թուրք նախարարը սրանով սպառնացել է ռազմական գործողություններ իրականացնել քրդերի դեմ Սիրիայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *