Սիրիայի Իդլիբ նահանգի «ոչ բախումային գոտում» տեղակայվելու են Թուրքիայի զինված ուժեր. Էրդողան

Սիրիայի Իդլիբ նահանգում ձևավորված «ոչ բախումային կամ ապաէսկալացման գոտու» ներսում ծառայություն են իրականացնելու Թուրքիայի զինված ուժերը, իսկ դրա սահմաններից դուրս՝ Ռուսաստանի ԶՈւ ստորաբաժանումները: Այս մասին հոկտեմբերի 5-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Habertürk հեռուստաընկերության կայքը:

Իրադրությունը Սիրիայում 2017-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Իրադրությունը Սիրիայում 2017-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ՌԴ նախագահ Պուտինը Թուրքիայում էր: Քննարկել ենք, թե ինչպես կարող ենք գործարկել եռաչափ մեխանիզմները: Առաջիկա օրերում կտեսնենք, թե մեր համապատասխան ստորաբաժանումները ինչ քայլեր կկատարեն: «Ոչ բախումային գոտու սահմանների հարցում, դրա ներսում և դրսում ծառայության բաժանումն արվել է…: Թուրքիայի զինված ուժերը Իդլիբի ներսում ծառայություն կիրականացնի, իսկ Ռուսաստանի ԶՈւ-ն՝ սահմաններից դուրս», — հայտարարել է Էրդողանը:

Նշենք, որ Իդլիբ նահանգում ներկայում գործում են տարբեր զինյալ և ահաբեկչական խմբավորումներ: Իդլիբ նահանգում հատկապես ակտիվ է«Ան-Նուսրայի ճակատ» (ներկայում՝ «Թահրիր աշ-Շամ») ահաբեկչական խմբավորումը:

Սեպտեմբերի 13-15-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվել է Սիրիայի հարցով բանակցությունների 6-րդ փուլը: Դրանց ընթացքում կողմերը համաձայնության են եկել Իդլիբ նահանգում ևս «ապաէսկալացման գոտի» ստեղծելու վերաբերյալ:

Սիրիայում «ապաէսկալացման գոտիների» ստեղծման և հրադադարի պահպանման երաշխավորներ են Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը:

Նշենք, որ ներկայում Թուրքիայի զինուժը և նրանց աջակցող խմբերը նաև վերահսկում են Սիրիայի հյուսիսում մոտ 2000 քառ. կմ տարածք՝ Ջերաբլուսից մինչև Ազեզ ընկած տարածքները: Այդ տարածքները Թուրքիայի զինուժը գրավել է 2016-ի օգոստոսից 2017-ի մարտ ամիսներին իրականացված «Եփրատի վահան» գործողության ընթացքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *