ՀՀ ԶՈւ-ում «Սմերչ» ՀՌԿՀ-ով զորավարժություն է անցկացվել

Հայաստանի զինված ուժերի հրթիռահրետանային ստորաբաժանումներն անցկացրել են 9Կ58 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով մարտական կրակով զորավարժություն: Վարժանքներին անձամբ հետևել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Այս մասին հայտնի է դառնում ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի հերթական թողարկումից:

Զինտեխնիկան բացազատվել է, բերվել մարտական դիրքի և վիճակի: Հրամանը ստանալուց հետո անձնակազմն անցել է մարտական կրակի կատարմանը. Թիրախները խոցվել են, «հրթիռները մետրերի շեղում չեն տվել, հարվածել են ուղիղ նշանակակետին սահմանված ժամանակում», – նշվում է հաղորդագրությունում:

Փոխգնդապետ Արտակ Բաղդասարյանի խոսքով՝ կրակային հարվածների նախապատրաստման աշխատանքները իրականացվել են լրիվ ծավալով, կատարվել է մարտական արձակում և նշանակետը խոցվել է բարձր էֆեկտիվությամբ:

«Սմերչ» համակարգի համազարկով առաջին հայտնի զորավարժությունը Հայաստանում եղել էր 2017-ի մարտին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *