Չեխիայում ամենուր անտեղյակ են` ինչպես է չեխական զենքը հայտնվում Ադրբեջանում

Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը Երևանում ևս մեկ անգամ հաստատել է, որ Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել և, որ չեխական իշխանությունները անտեղյակ են Ադրբեջանում չեխական զենքի հայտնվելուց:

Չեխ պաշտոնյան մասնավորապես նշել է.

«Չեխիայի Հանրապետությունը հարգում է այն էմբարգոն, որ դրված է այդպիսի վտանգավոր երկրների վրա, և չեմ հասկանում, թե ինչպես են չեխական զենքերը հասել Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանությունները և կառավարությունը դրան համաձայնություն չեն տվել»:

Տեսանյութը՝ Aysor.am լրատվակայքի:

Չեխական զենքը Չեխիայի իշխանությունները չեն վաճառել Ադրբեջանին. Չեխիայի սենատի նախագահ

Posted by aysor.am on Wednesday, October 4, 2017

 

[Թարմացում] Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը ՀՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ  այդ վաճառքն իրականացնողները չեն ունեցել Չեխիայի իշխանությունների թույլտվությունը, և այժմ հետաքննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչպես է կատարվել այդ գործարքը:

Նշենք, որ ռազմական նշանակության տեխնիկայի արտահանման համար Չեխիայում անհրաժեշտ է թույտվություն ստանալ պաշտպանության, արտաքին գործերի, ինչպես նաև առևտրի ու արդյունաբերության նախարարություններից, որոնք, սակայն, ևս անտեղյակ են եղել Ադրբեջանում չեխական զենքի հայտնվելուց: Այս գործը շարունակում են ուսումնասիրել չեխական հատուկ ծառայությունները:

Այս թեման ուսումնասիորւմ է նաև չեխական Hospodářské noviny պարբերականի հետաքննող լրագրող Օնդրա Սոուկուպը, ով հարցումներ է ուղարկել գերատեսչություններ, ինչպես նաև տեխնիկան արտադրող ընկերություն:

Չեխիայի ՊՆ-ից հայտնել էին, որ վերջին տարիներին նախարարությունը Ադրբեջան զենք արտահանելու թույլտվություն չի տվել, և իրենք չգիտեն, թե ինչպես է զինտեխնիկան հայտնվել Ադրբեջանում:

Չեխիայի ԱԳՆ-ից հայտնել էին, որ թեև ԱԳՆ-ն, այնուամենայնիվ, հաստատել է «Տատրա» բեռնատար մեքենաների արտահանումը Ադրբեջան, սակայն 2016–17 թթ.  մերժել է արդիականացված «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգի և RM-70 ՀԿՌՀ-ի արտահանման թույլտվության դիմումները:

Ինչ վերաբերում է տեխնիկան արտադրող ընկերությանը, ապա այնտեղ հրաժարվել են մեկնաբանություն տալ լրագրողին ՝ միայն նշելով, որ «ընկերությունը հետևում է բոլոր օրենքներին»: Հավելենք, որ նշված տեխնիկան արդիականացնում է չեխական Excalibur Army ՍՊԸ-ն, որը 2014-ից Czechoslovak group հոլդինգի կազմում է:

Չեխ լրագրողը հավանական է համարում նաև վարկածը, որ տեխնիկան Ադրբեջանին կարող է հասած լիներ նաև Սլովակիայի միջոցով: Այս դեպքում որոշ հիմքեր կան նման ենթադրություն անելու, քանի որ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում 2016 թվականի համար Սլովակիան հայտնել էր Իսրայելին 2 միավոր ՀԿՌՀ փոխանցելու մասին, իսկ Իսրայելի հնարավոր մասնակցությունը գործարքում շատ մեծ է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Ադրբեջանում անցկացվող զորավարժության ժամանակ ցուցադրվել են չեխական արտադրության «Դանա» ինքնագնաց հրետանային կայաններ և RM-70Vampir ՀԿՌՀ: Չեխ լրագրողի ուսումնասիրությանը և տեխնիկայի՝ Ադրբեջանում հայտնվելու հնարավոր տարբերակներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Ադրբեջանի ԶՈւ չեխական արտադրության «Դանա» ԻՀՀ-ներ

Ադրբեջանի ԶՈւ չեխական արտադրության «Դանա» ԻՀՀ-ներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *