Թուրքիայի նախագահը մեկնել է Իրան. Թեհրանն ու Անկարան քայլեր են մշակում Իրաքյան քրդերի դեմ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Թեհրան՝ Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ նիստին մասնակցելու: Կողմերը կքննարկեն նաև Իրաքյան Քրդստանի դեմ հնարավոր քայլերը:  Այցի մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանին. (արխիվ)

Հոկտեմբերի 3-ին Թուրքիայի նախագահականի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Էրդողանը նախատեսում է հանդիպել Իրանի ղեկավար, հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին, Իրանի նախագահ Հասան Ռուհանուն:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 1-ին, անձամբ Թուրքիայի նախագահը նշել էր, որ բացի նիստի անցկացումից և երկկողմ հարաբերությունների քննարկումից՝ իրենց ուշադրության կենտրոնում կլինի Իրաքյան Քրդստանի խնդիրը:

«Այս քննարկումներից հետո կվերադառնանք գործընթացի շուրջ շատ ավելի արժևորված լուրջ ճանապարհային քարտեզով», – նշել էր Էրդողանը:

Թուրքիայի նախագահը չէր բացառել Իրաքյան Քրդստանի դեմ հնարավոր տնտեսական պատժամիջոցները, ռազմական գործողությունները՝ նշելով, որ քայլեր կձեռնարկեն Իրանի հետ համաձայնության գալուց հետո:

Թուրքիայի նախագահին ուղեկցում են այդ երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, Էկոնոմիկայի, ներքին գործերի, մաքսային գործերով և առևտրի, մշակույթի նախարարները և այլք:

Ավելացնենք, որ հոկտեմբերի 2-ից Թեհրանում է նաև Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը: Նա արդեն հասցրել է հանդիպել Իրանի նախագահին, պաշտպանության նախարարին, ԶՈւ ԳՇ պետին: Մասնավորապես Իրանի ՊՆ հետ հանդիպումից հետո թուրք գեներալը արդեն իսկ խոսել է Իրաքյան Քրդստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին:

Իրանի ՊՆ, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը

Իրանի ՊՆ, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *