Եթե Իրաքյան Քրդստանը հետքայլ չանի՝ Թուրքիան հիմնվելու է Բաղդադի պահանջների վրա. Թուրքիայի ԱԳՆ

Եթե Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը չհրաժարավի անկախության հանրաքվեից և անկախացման գործընթացից, ապա Թուրքիայի քայլերը հիմնված են լինելու պաշտոնական Բաղդադից եկող պահանջների և կատարելիք քայլերի վրա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է պետական «Անադոլու» գործակալությունը:

«Դեռ բանը բանից չի անցել: Այս հարցում Բարզանիի [Իրաքյան Քրդստանի ղեկավար — խմբ.] ղեկավարությունը կարող է քայլ կատարել: Այսինքն այս գործընթացի կանգնեցման դեպքում Բաղդադի հետ հարաբերությունները կկարգավորվեն և հետևաբար կկարգավորվեն հարաբերությունները նաև մյուսների հետ»,– հայտարարել է Չավուշօղլուն:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև ընդգծել է, որ սահմանային անցակետերի վերահսկողությունը պետք է իրագործի Բաղդադի ղեկավարությունը: Նա նաև հայտարարել է, որ Օվաջըքի անցակետը, որպես Հաբուր անցակետի փոխարինող, տեխնիկապես հնարավոր է բացել, սակայն վերահսկողությունը պետք է Իրաքը իրականացնի և այդ հարցով կողմերը բանակցություններ են վարում:

Ըստ Չավուշօղլուի՝ հանրաքվեից հետ քայլ կատարելու դեպքում Թուրքիան կշարունակի աջակցել Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը:

Նշենք, որ Թուրքիան, Իրանը, Իրաքը դեմ են Իրաքյան Քրդստանի անկախությանը: Այդ երկրները սպառնացել են դիմել պատժամիջոցների, այդ թվում նաև ռազմական գործողություններ իրականացնել:

Սրան զուգահեռ սեպտեմբերի 26-ից Իրաքի հետ սահմանին զորավարժությունն են անցկացնում Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը: Մյուս կողմից, հոկտեմբերի 2-ից Իրաքի հետ սահմանին վարժանքներ են անցկացնում նաև Իրանի և Իրաքի զինված ուժերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *