Չեխիայում հետաքննում են Ադրբեջանում չեխական զենքի հայտնվելը

Չեխական Hospodářské noviny պարբերականի հետաքննող լրագրող Օնդրա Սոուկուպը փորձում է պարզել, թե ինչպես է չեխական արտադրության զինտեխնիկան հայտնվել Ադրբեջանում:

Պաշտոնական Պրահան պնդում է, որ Ադրբեջան սպառազինություն ուղարկելու մասին անտեղյակ են եղել Չեխիայի պաշտպանության, արտաքին գործերի, ինչպես նաև առևտրի ու արդյունաբերության նախարարությունները, այն դեպքում, որ զենքի արտահանման համար անհարժեշտ է այս գերատեսչությունների թույտվությունը:

Ադրբեջանի ԶՈւ չեխական արտադրության «Դանա» ԻՀՀ-ներ

Ադրբեջանի ԶՈւ չեխական արտադրության «Դանա» ԻՀՀ-ներ

Այս առիթով Չեխիայի ՊՆ խոսնակը հայտնել է, որ վերջին տարիներին նախարարությունը Ադրբեջան զենք արտահանելու թույլտվություն չի տվել, և իրենք չգիտեն, թե ինչպես է զինտեխնիկան հայտնվել Ադրբեջանում: Նշենք, սակայն, որ հիմնավոր կասկածներ կան 2015 թվականին Չեխիայից Ադրբեջանին այլ սպառազինություն մատակարարելու մասին ևս, այնուամենայնիվ Razm.info-ի թիմը դեռ ուսումնասիրում է փաստերը:

Չեխիայի ԱԳՆ ներկայացուցիչ Իռենա Վալենտովան էլ փոխանցել է, որ 2016–17 թթ. երկրի ԱԳՆ-ն մերժել է արդիականացված «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգի և RM-70 ՀԿՌՀ-ի արտահանման թույլտվության դիմումներ: Ավելի վաղ Չեխիայի ԱԳՆ-ից նույն պատասխանն էին տվել նաև «Ազատություն» ռադիոկայանին: ԱԳՆ-ն, այնուամենայնիվ, հաստատել է «Տատրա» բեռնատար մեքենաների արտահանումը Ադրբեջան: Հարկ է նշել, որ թե հրետանին, և թե ՀԿՌՀ-ն մոնտաժված են հենց «Տատրա» մեքենաների վրա:

Ադրբեջանի ԶՈւ՝ չեխական RM-70 ՀԿՌՀ-ներ

Ադրբեջանի ԶՈւ՝ չեխական RM-70 ՀԿՌՀ-ներ

Լրագրող Սոուկուպն այս հարցով դիմել է նաև այդ տեխնիկան արտադրող Czechoslovak Group հոլդինգին, որտեղ հրաժարվել են մեկնաբանել՝ նշելով միայն, որ ընկերությունը հետևում է բոլոր օրենքներին: Հավելենք, որ նշված տեխնիկան արդիականացնում է չեխական Excalibur Army ՍՊԸ-ն, որը 2014-ից Czechoslovak group հոլդինգի կազմում է:

Նշենք, որ Ադրբեջանի ստացած տեխնիկան արդիականացման բավականին նոր տարբերակների է, օրինակ՝ RM-70 Vampir ՀԿՌՀ-ն մեզ հայտնի տվյալներով՝ Ադրբեջանից բացի ուղարկվել է միայն Ինդոնեզիա (2016 թվականին)։ Այդ գործարքը Չեխիան հայտարարագրել է նաև ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Ադրբեջանում անցկացվող զորավարժության ժամանակ ցուցադրվել են չեխական արտադրության «Դանա» ինքնագնաց հրետանային կայաններ և RM-70Vampir ՀԿՌՀ: Ադրբեջանում դրանց հայտնվելու հնարավոր տարբերակ որպես դիտարկվում է իսրայելական «Էլբիթ» ընկերության միջնորդությունը։

2017 թ. հուլիսին բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևան ուսումնասիրել էր ադրբեջանական ինքնաթիռներով Սիրիայի գրոհայիններին զենքի մատակարարման դեպքերը։ Նույն նյութում նաև անդրադարձ կար չեխական այդ զինտեխնիկայի Ադրբեջան տեղափոխելուն:

Համաձայն այդ հետաքննության 2017 թ. ադրբեջանական ինքնաթիռները Նիշ (Սերբիա) – Օվդա (Իսրայել) – Նասոսնայա (Ադրբեջան) երթուղիով 5 չվերթ են կատարել: Յուրաքանչյուր ինքնաթիռում եղել է 44 տոննա բեռ, ներառյալ ինքնագնաց հրետանի (ենթադրաբար՝ «Դանա») և RM-70/85 ՀԿՌՀ:

Որպես բեռի ուղարկող նշվում էր չեխ-սլովակյան MSM Martin ընկերությունը, իսկ պատվիրատուներ՝ իսրայելական Elbit Systems ընկերությունը և Ադրբեջանի ՊՆ-ն: Բոլոր ինքնաթիռները վայրէջք են կատարել Իսրայելում, որտեղից էլ մի քանի ժամ անց ուղևորվել են Ադրբեջան:

Նշենք, որ «Դանա» ինքնագնաց հրետանային կայանքները և RM-70 ՀԿՌՀ-ն Ադրբեջանում նկատվել են դեռ 2017-ի հունվարին, երբ երկրի նախագահը մասնակցում էր «Փերիքուշքուլի զորամասի» բացման արարողությանը: Սեպտեմբերի 18-ին տեխնիկան շարժվել է հենց նույն զորամասից:

Նշված են «Դանա» ինքնագնաց հրետանին և RA-70 ՀԿՌՀ-ն. 1/23/2017

Նշված են «Դանա» ինքնագնաց հրետանին և RA-70 ՀԿՌՀ-ն. 1/23/2017

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *