Թուրքիայում նախագաhի գլխավորությամբ անվտանգության հարցերով նիստ է անցկացվել

Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անվտանգության հարցերով նիստ է անցկացվել նախագահի նստավայրում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Նիստին մասնակցել են Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հանդիպումը տևել է մոտ 2.5 ժամ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ընթացող վերջին գործընթացներին և Սիրիայի ու Իրաքի վիճակին, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:

Մինչ այս՝ սեպտեմբերի 22-ին, Թուրքիայում անցկացվել է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում գլխավորապես քննարկվել է Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի հարցը: ԱԱԽ նիստից հետո՝ սեպտեմբերի 23-ին, Թուրքիայի խորհրդարանի արտահերթ նիստում որոշվեց ևս մեկ տարով երկարաձգել երկրի զինված ուժերի՝ երկրից դուրս՝ Իրաքում և Սիրիայում, ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ մանդատը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում անկախության հանրաքվե է անցկացվել: Այս հանրաքվեին դեմ են Թուրքիան, Իրաքը, Իրանը: Այս երկրները հայտարարել են, որ չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները և սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Իրաքյան Քրդստանի դեմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *