Իրանի բանակն ու ԻՀՊԿ-ն զորավարժություններ են անցկացնում Իրաքյան Քրդստանի հետ սահմանին

Սեպտեմբերի 24-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ու բանակը զորավարժություն են մեկնարկել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Իրաքյան Քրդստանին սահմանակից շրջաններում: Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը (1,2):

«Մոհարամ» անունը կրող ԻՀՊԿ զորավարժությունը անցկացվում է մասնավորապես Արևմտյան Ատրպատական և Քուրդիստան նահանգներում: ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրի խոսքերով՝ զորավարժությունն անցկացվում է այն շրջաններում, որտեղ «անցյալում հակահեղափոխական ձգտումներ են եղել»:

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողները զորահանդեսի ժամանակ. 22/9/2017

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողները զորահանդեսի ժամանակ. 22/9/2017

Զորավարժության շրջանակներում կիրառվել են հրթիռային համակարգեր, հրետանի: Զորավարժությանը ներգրավվել է նաև ավիացիա, Տ-72Ս տանկեր:

Իսկ Իրանի բանակը զորավարժություն է անցկացնում  հյուսիսարևմտյան Քերմանշահ նահանգի Ղասրեշիրին շրջանում: Զորավարժությունը կրում է «Հեյդար Քարար» անունը: Զորավարժության հայտարարվող նպատակը ցամաքային զորքերի հարձակողական կարողությունները գնահատելն է:

Զորավարժությանը ներգրավվել են արագ արձագանքման ուժեր, զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, կործանիչներ:

Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Իրաքի հետ սահմանին՝ անմիջապես քրդական ինքնավարության տարածքների դիմաց զորավարժություն էր սկսել Թուրքիան։ Սեպտեմբերի 23-ին, Թուրքիան ավելացրել էր զորավարժությանը ներգրավված զորքերի, սպառազինության թվաքանակը։

Իրաքյան Քրդստանի հետ սահմանին անցկացվող  Իրանի և Թուրքիայի զորավարժությունները պայմանավորված են սեպտեմբերի 25-ին նշանակված Իրաքի քրդական ինքնավար շրջանի անկախության հանրաքվեով, որի անցկացմանը կտրականապես դեմ են թե՛ Իրանը, թե՛ Թուրքիան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *