Իրաքի Քրդստանի շուրջ լարվածության աճ՝ անկախության հանրաքվեի նախօրեին

Սեպտեմբերի 25-ին նշանակված է Իրաքի քրդական ինքնավար շրջանի անկախության հանրաքվեն։ Թուրքիան, Իրանը և Իրաքը սպառնում են ռազմական գործողություններով։ Պատերազմի հավանականությունը քննարկել են Իրաքի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը։ 

Սեպտեմբերի 18-ին Թուրքիան զորավարժություն էր սկսել Իրաքի հետ սահմանին՝ անմիջապես քրդական ինքնավարության տարածքների դիմաց։ Շաբաթ՝ սեպտեմբերի 23-ին, Թուրքիան ավելացրել է զորավարժությանը ներգրավված զորքերի, սպառազինության թվաքանակը։ Նույն օրը՝ շաբաթ երեկոյան, Թուրքիայի խորհրդարանն իր հերթին իրավական հիմքեր է տրամադրել Իրաքում ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Թուրքիայի զինուժը հերթական անգամ իրավունք է ստացել ռազմական գործողություններ իրականացնել Իրաքի և Սիրիայի տարածքում։

Թուրքիայի ԶՈւ զորավարժություն Իրաքի սահմանին. սեպտեմբեր 2017 թ.

Թուրքիայի ԶՈւ զորավարժություն Իրաքի սահմանին. սեպտեմբեր 2017 թ.

Թուրքիայի քաղաքական իշխանությունները բացահայտ ուղերձներով սպառնում են պատերազմ սկսել Իրաքի քրդական ինքնավարության դեմ, եթե անկախության հանրաքվեն կայանա։ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոստացել է ինքնավարության ղեկավար Բարզանիի հետ խոսել «նրան հասկանալի լեզվով»։

Իրադարձությունների նման զարգացմանը զուգահեռ սեպտեմբերի 23-ին Թուրքիա էր այցելել Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի հետ հանդիպման հիմնական թեման քրդերի անկախության հանրաքվեն էր։ Կողմերը համատեղ հայտարարությունում ընդգծում են, որ «պետք է պաշտպանել Իրաքի տարածքային ամբողջականությունն ու քաղաքական միասնությունը»։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ չի բացառվում, որ անկախության հանրաքվեի կայանալու և հաջող ելքի դեպքում Իրաքը կարող է Թուրքիայի հետ համատեղ գործողություններ սկսել Բարզանիի ուժերի դեմ։ Քրդական զգալի փոքրամասնություն ունեցող մյուս երկիրը՝ Իրանը ևս քրդերի անկախացումը սպառնալիք է դիտարկում։ Իրանի զինուժը զորավարժություն է սկսել քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջանների դիմաց։

Իրաքի քրդերի անկախացումը չեն պաշտպանում նաև Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ը։ Տարածաշրջանի խաղացողներից քրդերի մտադրությունը ողջունում է միայն Իսրայելը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *