«Ասլեսանը» մոտ 14 միլիոն արժողությամբ պայմանագիր է կնքել թուրքական մեկ այլ ընկերության հետ

Թուրքական «Ասելսան» (Aselsan) ռազմարդյունաբերական ընկերությունը նոր պայմանագիր է կնքել նույնպես թուրքական «Պաշտպանական տեխնոլոգիաների նախագծման» ընկերության (STM) հետ: 

 Այս մասին սեպտեմբերի 22-ին հայտնում է «Ասելսան» ընկերության կայքը:

«Ասելսան» ընկերության արտադրության գիշերային տեսանիելիության սարքեր

«Ասելսան» ընկերության արտադրության գիշերային տեսանիելիության սարքեր

Ըստ աղբյուրի՝ պայմանագիրն ընդհանուր առմամբ արժենալու է 13 միլիոն 919 հազար դոլար: «Ասելսանը» մատակարարումներն իրականացնելու է 2018–2020 թվականների ընթացքում: Աղբյուրը չի նշում, թե կոնկրետ ինչ տեխնիկա կամ սարքավորումներ է մատակարարվելու STM ընկերությանը:

Հիշեցնենք, որ 2017-ի հուլիսի 31-ին թուրքական «Ասելսան» և «Հավելսան» ընկերությունները նավերի համար տարբեր համակարգեր մատակարարելու վերաբերյալ 37,5 միլիոն արժողությամբ համատեղ պայմանագիր են կնքել STM ընկերության հետ:

STM ընկերությունը հիմնադրվել է 1991-ին պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի որոշմամբ: Այդ ընկերությունը զբաղվում է Թուրքիայի զինված ուժերին և պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությանը ինժեներական համակարգերի, տեխնիական աջակցության, նախագծերի կառավարման, տեխնոլոգիաների տեղայնացման ծառայությունների մատուցմամբ:

«Ասելսան» ընկերությունը ստեղծվել է 1975 թվականին, այն մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային, էլեկտրաօպտիկական սարքավորումների արտադրության մեջ։ Ընկերությունն իր արտադրանքներն արտահանում է աշխարհի շուրջ 50 երկրներ՝ այդ թվում Ադրբեջան, Ղազախստան, Պակիստան և Հորդանան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *