ԱՄՆ-ն զինտեխնիկայի հերթական խմբաքանակն է ուղարկել Սիրիայի քրդական ուժերին

Միացյալ Նահանգները վերջին մի քանի օրերին զենքի և զինտեխնիկայի նոր խմբաքանակ է ուղարկել արաբներից և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) խմբավորմանը:Զենքի ու զինտեխնիկայի մատակարումների մասին տեսանյութեր է տարածել քրդական կողմը

Թուրքական աղբյուրները, մասնավորապես թուրքական NTV հեռուստաընկերության կայքը, սեպտեմբերի 21-ին հայտնել է, որ ԱՄՆ-ն Սիրիայի քրդերին ևս 120 բեռնատար զենք և զինամթերք, զինտեխնիկա է ուղարկել: Ըստ աղբյուրների՝ նոր մատակարարումների մեջ եղել են զրահամեքենաներ, բուլդոզերներ:

Տեսանյութերում և նկարներում երևում են ամերիկյան Oshkosh ընկերության արտադրության M-ATV զրահամեքենաներ:

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված M-ATV զրահամեքենա

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված M-ATV զրահամեքենա

Սեպտեմբերի 20-ին թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ վերջին 10 օրվա ընթացքում Միացյալ Նահանգները Սիրիայի քրդական ուժերին 200 բեռնատար զենք ու զինամթերք է ուղարկել: Ըստ աղբյուրի՝ դրանց թվում եղել են նաև MRAP դասի զրահամեքենաներ: Թուրքական կողմի պնդմամբ՝ զինտեխնիկայի և զինամթերքի նոր խմբաքանակը ուղարկվել է Դեր Զոր:

«Անադոլու» գործակալությունը նաև հայտնում է, որ օգոստոսի 13-21-ը և սեպտեմբերի 3-8-ը Իրաքից Սիրիայի Հասեքե շրջան է անցել մոտ 400 բեռնատար:

Նշենք, որ ներկայում «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը շարունակում է գործողությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Ռաքքա քաղաքի ազատագրման համար:

Սրա զուգահեռ քրդական ուժերը ԻՊ դեմ նոր գրոհ են սկսել Սիրիայի Դեր Զոր նահանգի հյուսիսային մասից և արևելյան մասից մոտեցել նահանգի համանուն քաղաքին: Քաղաքի արևմտյան և հարավային հատվածներից Ռուսաստանի աջակցությամբ առաջխաղացումը շարունակում է Սիրիայի բանակը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *