Չեխական տեխնիկան Ադրբեջանում հայտնվել է մի քանի երկրի միջնորդությամբ

Օրերս Ադրբեջանում անցկացված զորավարժությունում ցուցադրվեցին չեխական արտադրության DANA ինքնագնաց հաուբիցներ և RM-70 ՀԿՌՀ-ներ: Առկա փաստերը և հայտարարությունները վկայում են դրանք Ադրբեջանին մատակարարելու բարդ սխեմայի առկայության մասին՝ միջնորդավորված մի քանի երկրներով:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունից հայտնում են, որ Չեխիայի արտգործնախարարությունից իրենց հարցմանն ի պատասխան նշել են.

«Չեխիայի ԱԳ նախարարությունը նշում է, որ Չեխիայի Հանրապետությունը վերջին տարիներին ընդհանրապես չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքը Ադրբեջանին»:

Սա ևս մեկ անգամ ապացուցում է ավելի վաղ մեր կողմից տարբեր փաստերի համադրությամբ այն եզրակացությունը, որ նշված սպառազինությունը Ադրբեջանում հայտնվել է Իսրայելի միջոցով:

Սակայն հավելյալ փաստերն ու հայտարարություններն իրենց հերթին վկայում են, Ադրբեջանին չեխական տեխնիկայի մատակարարման հարցում գործել է Չեխիա–Իսրայել–Ադրբեջանից շատ ավելի բարդ սխեմա:

ՄԱԿ-ի ռեգիստրում Սլովակիայի՝ 2016 թ. տրամադրած զեկույցում նշվում է, որ նույն տարում Սլովակիան Իսրայելին վաճառել է 2 միավոր RM-70/85 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: 2017 թ. հունվարին Ադրբեջանում նոր զորամասի բացման ժամանակ երևում է առնվազն մեկական միավոր RM-70/85 և DANA ԻՀՀ:

2017 թ. բուլղարացի հաքերների գաղտնազերծած փաստաթղթերի հիման վրա Trud լրատվակայքի լրագրող Դիլիանա Գայտանջիևան նշել էր, որ նույն տարում Սերբիա–Իսրայել–Ադրբեջան ուղով ադրբեջանական բանակին մատակարարվել են RM-70/80 ՀԿՌՀ-ներ և ինքնագնաց հրետանային համակարգեր [ենթադրաբար՝ DANA]: Ըստ որում առաջնային մատակարարը եղել է չեխ-սլովական MSM Martin ընկերությունը:

Արդեն 2017 թ. սեպտեմբերին Ադրբեջանը ցուցադրեց առնվազն 8-9-ական միավոր յուրաքանչյուր զինտեխնիկայից՝ նշված զորավարժության ընթացքում:

Փաստերի համադրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ բոլոր համակարգերի դեպքում վերջնական միջնորդ պետությունը եղել է Իսրայելը, սակայն մինչ այդ եղել են առնվազն ևս մի մեկ կամ երկու այլ միջնորդ պետություններ: Նշվածների թվում են Սերբիան և Սլովակիան:

Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանին մատակարարվել են հենց չեխական արդիականացման տարբերակներ, գրեթե բացառվում է այն տեսակետը, որ առաջնային մատակարարը եղել է Սլովակիան: Ըստ այդմ՝ ենթադրաբար ողջ զինտեխնիկան էլ դուրս է եկել Չեխիայից, սակայն Ադրբեջան հասել է շղթայական միջնորդավորմամբ:

Չի բացառվում, որ Ադրբեջանը կիրառել/կիրառում է կամ կկիրառի տվյալ բնույթի սխեմա՝ նաև այլ սպառազինություն, այդ թվում՝ այլ երկրներից գնելու համար: Սա իր հերթին կարող է թույլ տալ շրջանցել որոշ պետությունների կողմից՝ անմիջապես Ադրբեջանին զենք մատակարարելու էմբարգոն կամ սահմանափակումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *