Հայաստանը պատրաստ է մասնակցել Սիրիայում խաղաղարար ջանքեր ձեռնարկելու քննարկմանը. ՀՀ նախագահ

Հայաստանը պատրաստակամ է մասնակցելու Սիրիայում ՄԱԿ-ի հովանու և համապատասխան մանդատի ներքո խաղաղարար ջանքեր ձեռնարկելու շուրջ հնարավոր քննարկմանը: Այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ-ի լխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի իր ելույթում:

Նախագահի խոսքով՝ Հայաստանը պատրաստակամ է նաև ավելացնելու Լիբանանում՝ ՅՈՒՆԻՖԻԼ և Մալիում՝ ՄԻՆՈՒՍՄԱ առաքելություններում իր մասնակցությունը:

«Մենք մեծ ցավով ենք հետևում Սիրիայի ճգնաժամին և հումանիտար իրավիճակին, որից տուժում է քաղաքացիական բնակչությունը, այդ թվում նաև այդ երկրի հայ համայնքը: Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում ձգտում է դույզն-ինչ մեղմել Սիրիայի ժողովրդի տառապանքները՝ տրամադրելով մարդասիրական օգնություն», — մասնավորապես նշել է ՀՀ նախագահը:

Նշենք, որ ՀՀ ԶՈւ խաղաղապահները մի շարք երկրներում մասնակցում են ինչպես ՄԱԿ մանդատով, այնպես էլ ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ գործողություններին:

Ընդհանուր առմամբ, Հայաստանը միջազգային խաղաղապահ առաքելություններին միացել է 2001-ին, իսկ անմիջական մասնակցություն ունի 2004 թվականից: Մինչ օրս հայ խաղաղապահները մասնակցել են չորս առաքելությունների` 2004-ից Կոսովոյում, 2005-ից՝ Իրաքում, 2010-ից՝ Աֆղանստանում, 2014-ից՝ Լիբանանում։ 2015-ից էլ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի մեկ սպա որպես դիտորդ մասնակցում է Մալիում ՄԱԿ հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *