Նախարար. Յուրաքանչյուր պաշտպանություն ներառում է նաև հարձակողական գործողություններ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսյան հաղթանակների առիթով Ս. Օնանյանը հարցազրույց էր տվել մի շարք լրատվամիջոցների: Ստորև՝ նախարարի մեկնաբանությունը հայկական բանակի սպառազինության արդիականացման մասին:

Սեյարն Օհանյան- նկար

Բանակն այսօր իր կայացման և զարգացման հերթական փուլն է անցնում։ Դա բարեփոխումների փուլն է՝ սկսած 2008 թվականից: Մենք բարեփոխումներ ենք իրականացնում առօրյա մեր գործունեության մեջ, ուսումնադաստիարակչական գործընթացներում [ինչը] բերում է պատրաստականության համապատասխան աստիճանի։ Մարտական և զորահավաքային պատրաստության համապատասխան աստիճանի պահպանման մեջ մեծ դերակատարություն ունի ոչ միայն զինվորի պատրաստությունը, այլ նաև մեր ռազմական կարողությունները՝ արտահայտված սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր միջոցների ձեռքբերմամբ և հին միջոցների արդիականացմամբ։

Վերջին տարիներին այդ ուղղությամբ բավականին մեծ աշխատանք ենք կատարել։ Մենք, իհա՛րկե, հետևում ենք, թե ինչպես են սպառազինվում Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերը։ Նրանք արդեն իսկ իրենց սպառազինմամբ գերազանցում են այն աստիճանը, որ իրենք փորձում էին սպառազինությունների մրցավազքով որոշակի միակողմանի ազդեցություն գործել բանակցային գործընթացում, միակողմանի զիջումներ ստանալ ՀՀ-ից։ Բայց դա իրենց մոտ չի ստացվում, որովհետև երկրորդ անգամ հայ ժողովուրդը չի կարող պարտադրված վիճակում լինել։ Առաջին անգամ մենք պարտադրված պատերազմում ենք եղել՝ պաշտպանելով Արցախը և ՀՀ սահմանամերձ բնակավայրերը, երկրորդ անգամ մենք չենք ուզում պարտադրված, միակողմանի զիջումների գնալ։ Լուրջ ուշադրություն ենք դարձնում պատրաստության վրա, որպեսզի դա չլինի:

Չենք դոփում տեղում նաև սպառազինության ձեռքբերման հարցում։ Մենք սպառազինության ձեռքբերման խնդիրները լուծում ենք ռազմավարական գործընկերների հետ՝ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվող նոր միջոցների ձեռքբերմամբ և արդիականացմամբ։ Համատեղ արտադրություններ ենք փորձում ձևավորել ռազմական արդյունաբերության հետագա զարգացումը ապահովելու համար, որը հնարավորություն է տալիս ուժերի համասարակշռության մեջ ոչ թե քանակական, այլ պատրաստակամության որակական առումով ունենալ համապատասխան աստիճան և ուժերի հավասարակշռությունը պահպանել։ Մենք գիտենք, թե ինչ գումարներով են ձեռք բերում սպառազինության համապատասխան տեսակները ադրբեջանցիները, մենք ունենք նաև համապատասխան արտոնյալ պայմաններ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: Մեր հնարավորության, մեր իսկ սուղ միջոցներով, այնուամենայնիվ, մեր ռազմական կարողություններն այսօր համապատասխան աստիճանի են և մեր անվտանգությունն ապահովելու համար լիարժեք են։

Խոսում են հարձակողական տեխնիկայի մասին։ Մենք հարձակվելու ոչ մի մտադրություն չունենք. ուզում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը լուծվի միայն ու միայն երկխոսության արդյունքում` խաղաղ քաղաքական պայմաններում, բայց միևնույն ժամանակ էլ ամրապնդում ենք մեր պաշտպանությունը։ Պաշտպանողական խնդիրների լուծման համար բացի նրանից, որ մենք ունենք պաշտպանողական համապատասխան միջոցներ, մենք նաև ինժեներական համապատասխան աշխատանքներ ենք իրականացնում և իրականացրել, որպեսզի ինժեներական սարքավորումների մի այնպիսի համակարգ ստեղծենք, որ գրեթե կասեցնի, անհնարին դարձնի հակառակորդի կողմից դասական ոճով լայնամասշտաբ հարձակումը։ Այդ ամենը, կարծում եմ, մեզ մոտ հաջողվում է. այսօր մեր զինծառայողները դեմ առ դեմ կանգնած իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները:

Առաջին գծում ստեղծված անվտանգության, պաշտպանության համակարգերը թույլ են տալիս, որպեսզի լիարժեք պաշտպանություն իրականացնենք։ Դա չի ասում, որ մենք չունենք հարձակողական հնարավորություններ. յուրաքանչյուր պաշտպանություն իր մեջ ներառում է նաև հակահարձակողական և հարձակողական գործողություններ. այն հայտնի խոսքերով, որ «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է»։ Մենք ունենք պլաններ և այդ պլանների համաձայն, եթե անհրաժեշտություն լինի, կարող ենք գնալ խաղաղության պարտադրման, հարձակողական գործողությունների կամ նաև ուժի կիրառման կասեցման, եթե պետք լինի մեր խրամատներից այն կողմ՝ հակառակորդի տարածքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *