PKK-ի շուրջ 600 զինյալ «վնասազերծվել է» հարվածային ԱԹՍ-ների միջոցով. Al-Monitor

2016-ի սեպտեմբերից սկսած մինչև այժմ «վնասազերծվել է» «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) շուրջ 2000 զինյալ, որից 600-ը (մոտ 30 տոկոսը)՝ հարվածային ԱԹՍ-ների միջոցով:  Այս մասին հայտնում է հեղինակավոր Al-Monitor լրատվակայքը՝ հղում անելով Թուրքիայի անվտանգության աղբյուրներին:

Սղերթ նահանգում PKK-ի զինյալների դեմ ձեռնարկվել է հատուկ գործողություն. (արխիվ)

Սղերթ նահանգում PKK-ի զինյալների դեմ ձեռնարկվել է հատուկ գործողություն. (արխիվ)

Աղբյուրը հայտնում է, որ բացի քուրդ զինյալներից ԱԹՍ-ների հարվածների պատճառով կորուստներ են արձանագրվել նաև քաղաքացիականների շրջանում: 2017-ի օգոստոսի 31-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում թուրքական արտադրության Bayraktar TB2 ԱԹՍ-ն հարվածել է քաղաքացիականներին, ինչի արդյունքում սպանվել է 1 քաղաքացիական, ևս 3-ը՝ վիրավորվել է:

Al-Monitor-ը նաև հայտնում է, որ օգոստոսի վերջին PKK-ի զինյալները քաղաքացիական ԱԹՍ են օգտագործել ԱԳՍ-17 նռնականետից ձևափոխված պայթուցիկը Թուրքիայի ԶՈւ զինծառայողների վրա նետելու համար: Ըստ աղբյուրի՝ վիրավորվել է 2 զինծառայող: Սա մոտ 40 տարվա թուրք-քրդական հակամարտության ընթացքում առաջին դեպքն է, երբ PKK-ն ԱԹՍ է օգտագործում ուժայիններին հարվածելու համար:

Նշենք, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Հանրապետա-ժողովրդական կուսակցության» Ստամբուլից պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն դեռևս սեպտեմբերի 6-ին, անդրադառնալով քաղաքացիականներին ԱԹՍ-ով հարվածելու միջադեպին, հայտարարել է, որ պետությունը ԱԹՍ-ներով քաղաքացիականներ է սպանում՝ նրանց անվանելով «ահաբեկիչներ»: Փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը

Նրա հայտարարությունից հետո Թուրքիայի իշխանությունները, այդ թվում նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էին նրան և կուսակցությանը՝ «ահաբեկիչներին աջակցելու համար»: Անկարայի դատախազությունը նույնիսկ հետաքննություն է սկսել նրա նկատմամբ:

Թուրքական արտադրության Bayraktar Taktik Block B (Բայրաքթար) հարվածային ԱԹՍ

Թուրքական արտադրության Bayraktar Taktik Block B (Բայրաքթար) հարվածային ԱԹՍ

Թուրքիան քրդերի դեմ գործողություններում հիմնականում օգտագործում է «Բայրաքթար» և «ԱՆՔԱ» ԱԹՍ-ները, ընդ որում ինչպես դրանց հետախուզական, այնպես էր հարվածային տարբերակները:

Հիշեցնենք, որ թուրք-քրդական բախումները մի քանի տարվա հարաբերական դադարից հետո կրկին ինտենսիվացել են 2015-ի ամռանից: Այս տարվա սեպտեմբերին Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ն հայտնել է, որ 2017 թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում  թուրքական կողմի կորուստները կազմել են՝

  • Թուրքիայի ԶՈւ, այլ ուժային կառույցներ
    • սպանված՝ 127,
    • վիրավոր՝ 356:
  • Քաղաքացիականներ
    • սպանված՝ 32,
    • վիրավոր՝ 40:

Թուրքիայի ներսում «վնասազերծվել է» 986, իսկ Թուրքիայի սահմաններից դուրս՝ 867 «ահաբեկիչ»:

Բացի մարդկային կորուստներից, թուրք-քրդական բախումների արդյունքում մեծ են նաև նյութական կորուստները: Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում մի շարք, հիմնականում քրդաբնակ շրջաններ ավերակների են վերածվել:

Թուրք-քրդական բախումների հետևանքով Թուրքիայի հարավարևելյան Շրնաք քաղաքի ավերված շինությունների պատկերը 2015-2017թթ.

Թուրք-քրդական բախումների հետևանքով Թուրքիայի հարավարևելյան Շրնաք քաղաքի ավերված շինությունների պատկերը 2015-2017թթ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *