Աֆղանստանին փոխանցվել է առաջին արդիականացված UH-60s Black Hawk ուղղաթիռը

Սեպտեմբերի 18-ին Աֆղանստանին է մատակարարվել ամերիկյան UH-60s Black Hawk բազմանպատակային ուղղաթիռ: Ուղղաթիռների առաջին խմբաքանակի 4 ուղղաթիռներից մեկի վերանորոգման և արդիականացման աշխատանքները ավարտվել էին օգոստոսի 15-ին: Այս մասին հայտնում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության ֆեյսբուքյան էջը:

Ուղղաթիռների առաջին խումբը նախատեսվում էր Աֆղանստանին մատակարարել ընթացիկ տարվա սեպտեմբերին:

Ըստ բրիտանական Jane`s ռազմական հանդեսի՝ Black Hawk-ները պետք է փոխարինեն Աֆղանստանի ԶՈւ-ում առկա ռուսաստանյան Մի-17 ուղղաթիռներին: ԱՄՆ սենատորներից մեկը 2016-ի նոյեմբերին, առանց ժամկետներ նշելու, հայտնել էր, որ ԱՄՆ-ն պահեստից Աֆղանստանին է մատակարարելու 53 միավոր UH-60 Black Hawk ուղղաթիռ:

Մասնագիտացված Military Times լրատվակայքը, վկայակոչելով ԱՄՆ բանակի իր աղբյուրին, մայիսին նշել էր, որ ԱՄՆ պատրաստվում է Աֆղանստանին մատակարարել ընդհանուր առմամբ 157 միավոր UH-60 Black Hawk ուղղաթիռ:

Նշվում է, որ Մի-17 ուղղաթիռների փոխարինման անհրաժեշտությունը առաջացել էր Աֆղանստանի ԶՈւ-ում ուղղաթիռների պահպանման, տեխնիկական սպասարկման թերությունների, վերանորոգման անհրաժեշտության պատճառով:

Հենց տեխնիկական սպասարկման թերությունների պատճառով անցյալ տարվա նոյեմբերին վթարվել էր Աֆղանստանի ԶՈւ Մի-17 ուղղաթիռ:

2017 թվականի մարտին Մի-17 ուղղաթիռներն արտադրող ռուսաստանյան «Вертолеты России» հոլդինգից հայտնել էին, որ Աֆղանստանի պաշտպանության նախարարության հետ բանակցություններ են ընթանում Աֆղանստանում շահագործվող ռուսաստանյան արտադրության զինտեխնիկայի վերանորոգման և ծառայությունների մատուցման շուրջ:

Ռուսաստանյան ընկերությունը, սակայն, ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, ամենայն հավանականությամբ, չի կարողանա իրականացնել վերանորոգման աշխատանքները, քանի որ ԱՄՆ 2017-ի պաշտպանական բյուջեի փաստաթղթով երկրի պաշտպանության նախարարությանն արգելվում է բյուջեի միջոցներից հատկացումներ կատարել ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտ» կորպորացիայի հետ պայմանագրերի կնքմանը:

UH-60 Black Hawk ուղղաթիռներով Աֆղանստանի ուղղաթիռային պարկի համալրումը իր հերթին կարող ևս մի շարք խնդիրներ և դժվարություններ առաջացնել տեխնիկական սպասարկամ ոլորտում: Բացի այդ, Աֆղանստանի ԶՈւ-ն ունի նաև կադրային խնդիրներ, և լրացուցիչ միջոցներ և ժամանակ կպահանջվի օդաչուների պատրաստման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *