ՀՀ ԶՈւ պայմանագրայինները ավիացիայի աջակցությամբ հակահարձակողական զորավարժություն են արել

ՀՀ ԶՈւ «Բաղրամյան» զորավարժարանում ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկը անցկացրել է մարտական հրաձգությամբ գնդային զորավարժություն, որի ընթացքում անձնակազմը պահպանությունից անցնել է պաշտպանության, վարել է մարտ և իրականացնել է հակագրոհ:  Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի սեպտեմբերի 16-ի թողարկումից:

Զորավարժությանը հետևել է զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: Ներգրավվել են գնդի վարչակազմը, ականանետային մարտկոցը, ապահովման և հրետանային ստորաբաժանումները, հետախուզական ու ինժեներասակրավորային դասակները, ինչպես նաև 2 միավոր Սու-25 գրոհիչ, 2 միավոր Մի-24 և 1 միավոր Մի-8 ուղղաթիռ, տանկեր, հրետանի: Վարժանքների ընթացքում կատարվել է դեսանտավորում:

Զորավարժությունն անցկացնող զորամասի շտաբի պետի խոսքով՝ վարժանքների առաջին առանձնահատկությունն այն էր, որ ամբողջ զորավարժությունը անցկացվել է միայն պայմանագրային զինծառայողների հետ, իսկ երկրորդ առանձնահատկությունը՝ հակագրոհի հեռավորությունը բավականին մեծ էր՝ մոտ 1200 մետր:

Մշակվել են ստորաբաժանումների մարտի վարման ունակությունները, փորձարարական հետազոտական նոր դրվագների խաղարկմամբ:

Զորավարժության սցենարով՝ հակառակորդը, անմիջական շփման պայմաններից պաշտպանությունից անցնելով, հարձակման առաջին և երկրորդ դիրքերում փորձել էր ոչնչացնել հայկական ստորաբաժանումների ուժերը: Հակառակորդը կարողացել էր որոշակի հաջողության հասնել, նա ներթափանցել և ամրացել էր հայակական դիրքերի խորքում: Հայկական ստորաբաժանումների խնդիրն է եղել անցնել հակագրոհի, ջախջախել հակառակորդի ուժերը, գրավել նպաստավոր բնագծեր և անցնել պաշտպանության:

Վարժանքն անցկացվել է երեք փուլով.

  • Առաջին փուլում գունդը բերվել է մարտական պատրաստականության լրիվ աստիճանի, պահպանությունից անցել է պաշտպանության:
  • Երկրորդ փուլում գունդն իրականացրել է ռազմերթ և կենտրոնացել է զորավարժարանում, որտեղ էլ զորամասին խնդիր է առաջադրվել նախապատրաստվել պաշտպանական մարտի: Մինչ մարտական գործողությունների խաղարկումը իրականացվել են տեղազննման աշխատանքներ,տեղանքում կազամակերպվել են փոխհամագործակցությունն ու ղեկավարումը, և պաշտպանական տեղամասը նախապատրաստվել է մարտի:
  • Երրորդ կրակային փուլն իր մեջ ներառել է հակառակորդի գրոհների խաղարկումը և հետ մղումը, մխրճված հակառակորդի ջախջախումը, հակագրոհի իրականացումը, նոր բնագծերի ամրացումն ու ինչպես նաև պաշտպանական մարտի վարումը:

Հակագրոհի սկզբում զորամասի ուժերին սատարել են հրետանին և ավիացիան: Հարված հասցնելով պայմանական հակառակորդի դիրքերին՝ աջակից ստորաբաժանումները իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Այնուհետև տանկիստները շարունակել են հրետանու և ավիացիայի գործողությունները՝ ապահովելով հետևակի առաջխաղացումը:

Մի-24 ուղղաթիռները այնուհետև իրականացրել են օդային ևս երկու գրոհ, որից հետո էլ հենց այս ուղղաթիռները հսկել են Մի-8 ուղղաթիռից հատուկ նշանակության դասակի իջեցումը մարտական գործողությունների վայր:

Զորավարժության մասնակից ուժերը կատարել են իրենց մարտական խնդիրը. հակառակորդը, կրելով մեծաթիվ կորուստներ, նահանջել է:

«Զորավաժության ընթացքում հիմնականում մշակել և իրականացրել ենք դրվագներ, որոնք առօրյա են, արդի կիրառման, զորամասի հետախուզման վաշտի ուժերով իրականացրել ենք դեսանտավորում» — նշել է զորամասի հրամանատարը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *