Թուրքիայի զինուժը զորավարժություն է սկսել Իրաքի հետ սահմանին

Սեպտեմբերի 18-ին Թուրքիայի զինուժը զորավարժություն է սկսել երկրի հարավարևելյան՝ Իրաքին անմիջապես սահմանակից Շրնաք նահանգի Սիլոփի գավառում: Սահմանի մյուս կողմում Իրաքի քրդերի ինքնավարության վերահսկողության գոտին է:  Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Թուրքիայի զինուժը զորավարժություն է անցկացնում Իրաքի հետ սահմանին. սեպտեմբեր 2017

Թուրքիայի զինուժը զորավարժություն է անցկացնում Իրաքի հետ սահմանին. սեպտեմբեր 2017

Զորավարժությունը անցկացվում է Հաբուր շրջանի սահմանային անցակետի մոտակայքում: Ըստ Թուրքիայի ԶՈւ ԳՇ հաղորդագրության՝ զորավարժությանը զուգահեռ թուրք ուժայինները սահմանային շրջաններում շարունակում են ռազմական գործողությունները «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ:

Ըստ թուրքական «Հյուրիեթ» պարբերականի՝ զորավարժությանը մասնակցում է Թուրքիայի ԶՈւ ավելի քան 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում նաև տանկեր, հաուբիցներ, հրթիռային կայաններ: Բացի այդ, վարժանքներին ներգրավվել են նաև անօդաչու թռչող սարքեր:

Ըստ պարբերականի՝ զորավարժությանը ներգրավված տանկերը 2016-ի նոյեմբերին են բերվել Սիլոփի նահանգ՝ Անկարայում տեղակայված Թուրքիայի ԶՈւ 28-րդ մեխանիզացված հետևակային բրիգադից:

Նշենք, որ Հաբուր շրջանի սահմանային անցակետի միջոցով է իրականացվում Թուրքիայի Շրնաք նահանգից Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության Զահո քաղաք ելքն ու մուտքը

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը հայտարարել է սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին: Իրանն ու Թուրքիան դեմ են Իրաքի քրդական ինքնավարությունում անկախության հանրաքվեի անցկացմանը: Երկու երկրներն էլ պաշտոնական մակարդակով մի քանի անգամ քննադատող հայտարարություններ են հնչեցրել հանրաքվեի անցկացման վերաբերյալ: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *