Իրաքում ահաբեկչության հետևանքով շուրջ 60 մարդ է զոհվել

Սեպտեմբերի 14-ին Իրաքի հարավում երկու ահաբեկչական հարձակում է գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է շուրջ 60 մարդ, մոտ 90 մարդ վիրավորվել է: Կորուստների թիվը կարող է աճել, քանի որ վիրավորների մի մասը ծայրահեղ վիճակում է գտնվում:  Այս մասին հայտնում է բրիտանական BBC հեռուստաընկերության կայքը:

Ահաբեկչական հարձակումներ Իրաքի հարավում. սեպտեմբեր 2017

Ահաբեկչական հարձակումներ Իրաքի հարավում. սեպտեմբեր 2017

Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Հարձակումները եղել են Իրաքի հարավային Դիկար նահանգի վարչական կենտրոն Նասիրիյա քաղաքի մոտակայքում: Ըստ աղբյուրի՝ զինված անձինք ներխուժել են ռեստորաններից մեկը և կրակել են այնտեղ գտնվող մարդկանց վրա:

Մյուս հարձակումը եղել է սահմանային անցակետերից մեկում: Պայթուցիկներով բեռնված մեքենան պայթել է անցակետի մոտ: Զոհվածների թվում են եղել նաև իրանցիներ:

Ըստ ֆրանսիական AFP գործակալության հարձակման թիրախները եղել են հիմնականում շիաներից կազմված «Հաշդ աշ-շաաբի» ջոկատները, որոնք Իրաքի կառավարական բանակի հետ միասին կռվում են ընդդեմ «Իսլամական պետության»:

Նշենք, որ ներկայում «Իսլամական պետությունը» կորցրել է իր վերահսկած տարածների մեծ մասը թե՛ Իրաքում և թե՛ Սիրիայում: Վերջին մի քանի ամիսներին Իրաքի կառավարական բանակին հաջողվել է ԻՊ զինյալներից ազատագրել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Մոսուլ և Թալ-Աֆար քաղաքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *