ՀՀ կառավարությունը մերժեց պայմանագրային զինծառայողներին գույքահարկից ազատելու «Ելքի» առաջարկը

ՀՀ Կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում մերժել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում էր գույքահարկից ազատել ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց: Այս մասին հայտնում է «Այսօր» լրատվակայքը:

Նշենք, որ «Գույքահարկի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես էր եկել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունը:

Առաջարկվող նախագծում նշվում է, որ ներկայում օրենքով գույքահարկից ազատում են միայն ՀՀ զինված ուժերում ժամկետային զինծառայություն անցնող անձանց, ինչը նշանակում է, որ արտոնությունը չի տարածվում պայմանագրային զին­ծառայողների, այդ թվում` 20 տարուց ավել ծառայության մեջ գտնվող սպայական կազ­մի ծառայողների վրա: Ըստ այդմ՝ նախագծի ընդունումը կբարելավի ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում զինծառայության մեջ գտնվող անձանց սոցիալական վիճակը:

«Ինչու է գործող օրենքում նախատեսված պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց արտոնություն տալ, քանի որ այս դեպքում գնահատվում է, որ անձը չի կարող տնօրինել իր գույքը, անհրաժեշտության դեպքում ստանալ եկամուտ և, հետևաբար, այն տրամաբանությունն է դրված, որ այդ ժամանակահատվածում ազատված լինի գույքահարկի պարտավորությունից, իսկ մնացած դեպքերում կստացվի ճիշտ հակառակը, կարող է վարձով տրամադրել գույքը, որի արդյունքում կարող է եկամուտ ստանալ», ” «Այսօր» լրատվակայքի փոխանցմամբ՝ հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարարը։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը, ինչպես հայտնում է «Արմենպրես» գործակալությունը, նաև նշել է, որ ներկայացված առաջարկությունը մի կողմից հակադրվում է գույքահարկով հարկման ընդհանուր տրամաբանությանը, մյուս կողմից ստեղծում է արտոնությունից անհարկի օգտվելու ռիսկեր և չի հանգեցնելու իր առջև դրված խնդիրների իրագործմանը:

Ավելի վաղ «Արմենպրեսին» ՊՆ-ից հայտնել էին, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը դրական է վերաբերվում ցանկացած օրենսդրական նախաձեռնության, որը միտված կլինի զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանը և զինծառայողի մասնագիտության գրավչության բարձրացմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *