ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Իրանին քաղաքացիական ինքնաթիռներ վաճառելու արգելքի օգտին

Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է նոր ձեռնարկումներ, որոնցով արգելվում է Իրանին քաղաքացիական ինքնաթիռների վաճառքը։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան The Hill պարբերականը։

Ներկայացուցիչների պալատում ընդունել են պալատի անդամ Փիթեր Ռոսքամի նախաձեռնությունը, որով առաջարկվում է 2 փոփոխություն մտցնել 2018թ. պետական ծախսերի փաթեթում։

Այդ փոփոխություններով արգելվելու է Իրանին քաղաքացիական ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորումը և Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակին չի թույլատրվելու վաճառքի արտոնագրեր տրամադրել։

Ամերիկյան Boeing-777 քաղաքացիական ինքնաթիռ

Ամերիկյան Boeing-777 քաղաքացիական ինքնաթիռ

Ըստ Ռոսքամի՝ ԱՄՆ պետք է հետ կանգնի Իրանին ինքնաթիռներ վաճառելուց, քանի որ այդ ինքնաթիռները օգտագործվում են Սիրիա զենք-զինամթերք և զորքեր տեղափոխելու համար։

«Քանի դեռ Իրանը չի դադարեցրել քաղաքացիական ինքնաթիռները օգտագործել ահաբեկիչներին և ռազմական հանցագործներին աջակցելու համար, արևմտյան ավիաընկերություններին չի թույլատրվի Իրանի ավելի շատ ինքնաթիռներ վաճառել, որոնք նա կարող է օգտագործել Ասադի դաժան պատերազմը բոցավառելու համար»,-ասել է Փիթեր Ռոսքամը։

Պալատի որոշ անդամներ կարծիք են հայտնել, որ ինքնաթիռների վաճառքի արգելումը կարող է ազդել միջուկային համաձայնագրի վրա։

Հավելենք, որ 2016թ. նոյեմբերին Ներկայացուցիչների պալատը ընդունել էր առանձին օրինագիծ, որով արգելափակվում էին Իրանին ինքնաթիռների վաճառքի լիցենզիաները։ Սակայն  օրինագիծը Սենատում քվեարկություն չէր անցել։

2016-ին նույնպես 2017թ. պետական ծախսերի օրինագծի շրջանակներում ընդունվել էին նմանատիպ փոփոխություններ, սակայն չէին դարձել օրենք։

Հիշեցնենք, որ 2016 թվականից մարդատար ինքաթիռներ գնելու հարցի շուրջ Իրանը բանակցում էր ամերիկյան Boeing և եվրոպական Airbus ընկերությունների հետ։

Ֆրանսիական Airbus ընկերության հետ 118 միավոր մարդատար ինքնաթիռ (45 միավոր  A320, նույնքան A330, 16 միավոր A350, 12 միավոր A380) գնելու շուրջ Իրանը  պայմանավորվածություն էր ձեռք բերել 2016թ. հունվարի վերջին՝ Իրանի նախագահ  Հասան Ռոուհանիի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ: Գործարքի արժեքը 27 մլրդ դոլար էր:

Հունիսին հայտնի դարձավ, որ  Իրանը մտադիր է  մարդատար ինքնաթիռներ գնել նաև ամերիկյան  Boeing ընկերությունից  (80 միավոր):  Այս համաձայնությունն ընդհանուր առմամբ գնահատվում էր մոտ 25 միլիարդ դոլար:

Սակայն հուլիսին ԱՄՆ ներկայացուցիչների պալատը Boeing ընկերությանը արգելեց Իրանին վաճառել մարդատար ինքնաթիռներ՝ պատճառաբանելով, որ դրանք կարող են ռազմական նպատակներով օգտագործվել:

Այս արգելքը կասեցրեց նաև Airbus ընկերության հետ կնքած համաձայնագրի ընթացքը, քանի որ ընկերությունն օգտագործում է ամերիկյան պահեստամասեր, և ամբողջական ինքնաթիռներ արտահանելու համար պետք է ստանա ԱՄՆ թույլտվությունը:

Սեպտեմբերին արդեն ԱՄՆ կառավարությունը թույլատրեց ընկերություններին մարդատար ուղղաթիռներ վաճառել Իրանին, ինչից հետո  Իրանը 50 միավոր Boeing 737  և  30 միավոր  Boeing 777 մարդատար ինքնաթիռներ վաճառելու մասին  համաձայնագիր ստորագրեց  Boeing ավիաընկերության հետ:

Այնուհետև Iran Air ավիաընկերությունը  Airbus-ի հետ  համաձայնության եկավ Իրանին 100 միավոր  մարդատար ինքնաթիռ վաճառելու շուրջ՝ պատվերից հանելով 12 միավոր  A380 ինքնաթիռները, ինչի արդյունքում գործարքի արժեքը չի գերազանցել 10 մլրդ դոլարը:

2017 թվականի հունվարից Airbus-ը  սկսել է պայմանագրով նախատեսված ինքնաթիռների մատակարարումը։ Ինքնաթիռներն Իրանին մատակարարվելու են 10 տարվա ընթացքում: Գործարքի ընդհանուր արժեքը  շուրջ 17 մլրդ դոլար է:

Հավելենք, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Իրանի և ԱՄՆ հարաբերությունները ավելի են սրվել։ Թրամփը հաճախ է հանդես գալիս Իրանի միջուկային համաձայնագիրը քննադատող ելույթներով։ Նա Իրանին մեղադրում է ահաբեկիչներին աջակցելու, տարածաշրջանը ապակայունացնելու, հրթիռային ծրագիրը զարգացնելու մեջ։ Նմանատիպ  մեղադրանքներով Իրանի նկատմամբ սահմանվել են նաև նոր պատժամիջոցներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *