The Guardian. «Իսլամական պետության» ահաբեկիչները Սիրիայից անցնում են Թուրքիա

Սեպտեմբերի 12-ին բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հայտնել է, որ Սիրիայում պարտություն կրող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարյուրավոր անդամներ լքում են այդ պետությունների տարածքները և անցնում Թուրքիա՝ նպատակ ունենալով հեռանալ իրենց երկրներ: Մի քանի տասնյակ զինյալ Թուրքիա անցել է միայն նախորդ շաբաթ՝ ԻՊ պարտությունների ֆոնին:

Սիրիայի Ռաքքա քաղաքը. ԻՊ կենտրոնը

Սիրիայի Ռաքքա քաղաքը. ԻՊ կենտրոնը

Հոդվածում նշվում է, որ դեռևս ոչ բոլորն են հատել Սիրիա–Թուրքիա սահմանը. հարյուրավոր զինյալներ անցնում են Սիրիայի Իդլիբ նահանգ՝ նախատեսելով այնտեղից գնալ Թուրքիա, իսկ այնուհետև՝ Մերձավոր Արևելքի այլ պետություններ, Հյուսիսային Աֆրիկա և Եվրոպա:

Ըստ բրիտանական պարբերականին ստացած տեղեկության՝ միայն սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի 4 քաղաքացի մաքսանենգ ճանապարհով անցել է Թուրքիայի սահմանը. նրանցից յուրաքանչյուրի համար վճարել են 2000 ԱՄՆ դոլար: Դատելով հաղորդագրությունից՝ գումարը ստացել են թուրք սահմանապահները, քանի որ այնտեղ ընդգծվում է, որ նույն հատվածներում և նույն ժամանակ սահմանախախտման փորձ կատարողների զգալի մասին սպանել են:

ԻՊ զինյալները ոչ միայն Սիրիայի, այլև Իրաքի տարածքը սկսել են զանգվածաբար լքել 2016 վականից, երբ այդ ահաբեկչական կառույցը Սիրիայի, Իրաքի բանակների, ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ուժերի հետ բախումներում սկսեց կորցնել իր տարածքների հիմնական մասը:

Օգոստոսին շուրջ 300 զինյալ տեղակայվել է Սիրիայի Իդլիբ նահանգում, որը ներկայում մեծամասամբ վերահսկում է «Ալ-Կաիդայի» սիրիական ճյուղ «Ջեբհաթ ալ-Նուսրան». նշում է պարբերականը: Ըստ որում դրանց հիմնական մասը Սաուդյան արաբիայի քաղաքացիներ են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *