Բակո Սահակյանը այցելել է Թալիշ և թալիշեցիներով բնակեցված Ալաշան համայնք

Արցախի ղեկավար Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս և Թալիշ գյուղ: Նա ծանոթացել է գյուղում իրականացվող աշխատանքներին, հանդիպել բնակիչների հետ: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը:

Բակո Սահակյանը Ալաշան համայնքում հանդիպել է այնտեղ բնակվող թալիշեցիների հետ

Բակո Սահակյանը Ալաշան համայնքում հանդիպել է այնտեղ բնակվող թալիշեցիների հետ

Բակո Սահակյանին ուղեկցել են նաև Արցախի վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Հանդիպմանը քննարկվել են թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր:

Այնուհետև Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն ու համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Ինչպես հայտնում է Արցախի քաղաքաշինության նախարարության կայքը, Թալիշում վերակառուցողական աշխատանքներին ծանոթանալուց հետո Բակո Սահակյանը  հանձնարարել է քաղաքաշինության նախարարին, ըստ անհրաժեշտության, ավելացնել գյուղում վերականգնողական աշխատանքներ իրականացանող ընկերությունների թիվը. ներկայումս Թալիշում 7 շինարարական կազմակերպություն է աշխատում:

Թալիշում բնակարանների հիմնանորոգման ու վերակառուցման աշխատանքները շարունակվում են: Ընթացքի մեջ է 17 առանձնատան վերակառուցումը, որոնց մեծ մասն ավարտական փուլում են: Շարունակվում են հասարակական նշանակության շենք-շինությունների կառուցման աշխատանքները: Համայնքային կենտրոնում և գյուղի հանդիսությունների սրահում վերջին աշխատանքներն են տարվում, հարևանությամբ շարունակվում է դպրոցի  և մանկապարտեզի կառուցումը:

Ավելի վաղ Թալիշի գյուղապետը հայտնել էր, որ Թալիշում նոր կառուցվող բոլոր անհատական տները և ընդհանուր օգտագործման բոլոր կառույցները ունենալու են իրենց ապաստարանները նկուղային հարկում։

Նշենք, որ սահմանամերձ Թալիշ գյուղի բնակչության մի մասն այսօր ապրում է Ալաշանում։ 2017-ի հունիսին Թալիշի գյուղապետը հայտնել էր, որ Ալաշանում կա 37 ընտանիք՝ 140 բնակիչ։

Արցախի վարչապետը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ քաղպաշտպանության պլանի շրջանակներում բյուջեով անհրաժեշտ գումարները օգտագործվում են Թալիշ գյուղում պաշտպանության աստիճանը բարձրացնելու ուդղությամբ: Ճիշտ չէ պատմական Թալիշը թողնել և նոր Թալիշ կառուցել:

Թալիշ գյուղի և Ալաշանում բնակվող թալիշեցիների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Ալաշանի բնակելի տներ

Ալաշանի բնակելի տներ

Թալիշ. 2017

Թալիշ. 2017

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *