Աֆղանստանում վիրավորվել է Վրաստանի ԶՈւ ևս մեկ զինծառայող

Սեպտեմբերի 11-ին Աֆղանստանի Բագրամ ավիաբազայի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակի զինծառայող, կապրալ Զաուր Կոմիխաձեն:

Այս մասին հայտնում են Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունից: Ըստ հաղորդագրության՝ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում վրաստանցի զինծառայողների զորավարժությունը

Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում վրաստանցի զինծառայողների զորավարժությունը

Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությունից հայտել էին, որ Բագրամ ավիաբազայի մոտակայքում գտնվող գյուղերից մեկում պայթուցիկներով բեռնված մեքենան պայթել է ՆԱՏՕ-ի շարասյան մոտ, ինչի արդյունքում կային վիրավորներ: Նրանց կյանքին վտանգ չէր սպառնում:

Հիշեցնենք, որ Բագրամ ավիաբազայի վրա մահապարտ ահաբեկիչը հարձակում էր գործել նաև սեպտեմբերի 6-ին: Հարձակման հետևանքով վիրավորվել էին ավիաբազայում տեղակայված Վրաստանի ԶՈւ 3 զինծառայողներ:

Աֆղանստանում վրացական զորախումբը կորուստներ կրել էր նաև օգոստոսի 3-ին: ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության զինծառայողների շարասյան վրա հարձակման հետևանքով մահացել էր Վրաստանի ԶՈւ մեկ զինծառայող, ևս 3-ը՝ վիրավորվել էին:

Վրաստանը ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Վճռական աջակցություն» միջազգային խաղաղապահական առաքելությանը մասնակցում է 2015-ի հունվարից և ԱՄՆ-ից հետո իր զորախմբի քանակով երկրորդն է: Նույն առաքելությանը մասնակցում են նաև ՀՀ ԶՈւ զինծառայողներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *