Թուրք-քրդական բախումները երկուստեք կորուստներով շարունակվում են

Սեպտեմբերի 8-10-ին թուրք-քրդական բախումները Թուրքիայի տարբեր շրջաններում կրկին փոքր-ինչ ինտենսիվացել են: Նշված ժամանակահատվածում թուրքական կողմը հայտնում է 1 սպանված և 5 վիրավոր զինծառայողի մասին:

Սեպտեմբերի 10-ին Թուրքիայի Դիարբեքիրի Լիջե շրջանում քրդերը հարձակվել են թուրքական ժանդարմերիայի պահակակետի վրա. վիրավորվել է մեկ թուրք ժանդարմ:

Նույն օրը Թուրքիայի մեկ այլ՝ հարավարևելյան Հաքքարի նահանգում վիրավորվել է 3 թուրք զինծառայող: Թուրքական կողմի տվյալներով՝ PKK-ի մարտիկները Իրաքի սահմանից ականանետով կրակել են թուրքական զինուժի դիրքերի ուղղությամբ:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 9-ին, թուրքական կողմը հայտնել էր, որ թուրք զինծառայողները «վնասազերծել են» PKK-ի 3 զինյալի, ովքեր Իրաքի սահմանից կրակում էին թուրքական դիրքերին:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 8-ին, թուրքական կողմը հայտնել էր, որ Բինգյոլում քրդերի հետ բախումներում սպանվել է մեկ զինծառայող, վիրավորվել՝ ևս մեկը:

Հիշեցնենք, որ թուրք-քրդական բախումները կրկին ակտիվացել են 2015 թ. ամռանից: Արդեն 2 տարուց ավելի տևող բախումներում կողմերը մեծ թվով կորուստներ են կրում, այդ թվում՝ սպանված և վիրավոր զինծառայողներ, ոստիկանության հատուկ նշանակության ուժերի ծառայողներ, ժանդարմներ, «գյուղական պահապաններ»՝ թուրքական կողմից, և քուրդ զինյալներ ու խաղաղ բնակիչներ՝ քրդական կողմից (խաղաղ բնակիչների կոորուստների մասին նշում է նաև թուրքական կողմը):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *