ԱՄՆ-ն կրկին զենք է մատակարարել Սիրիայի քրդերին

Միացյալ Նահանգները շարունակում է սպառազինել Սիրիայում իր դաշնակիցներին՝ քուրդ-արաբական ուժերին: Թուրքական կողմի տվյալներով՝ սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ն ևս 70 բեռնատարով զենք-զինամթերք է ուղարկել նշված ուժերին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ սպառազինությունը ստացել է հենց Սիրիայի քրդերի կառույցը՝ «Սիրիայի դեմոկրատական կուսակցության» (PYD) զինված թևը՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG):

Ինչպես և նախորդ անգամները՝ այս անգամ ևս բեռն ուղարկվել է Իրաքից, որտեղ ամերիկյան բավականին մեծ զորախումբ է տեղակայված: Բեռնատարներով փոխադրվող բեռը քրդերին են հանձնել Սիրիայի Հասաքա նահանգում: Նշվում է, որ թուրքական գործակալության լրագրողը տեսանկարահանել է բեռնատարների շուրջ եղած 30 զինվորական մեքենաներից 21-ը:

Շարասյան մեջ եղել են նաև վառելիք տեղափոխող մեքենաներ: Թուրքական աղբյուրը նաև հայտնում է, որ օգոստոսի 13, 17, 21-ին և սեպտեմբերի 3-ին ԱՄՆ-ն ևս 330 բեռնատարով զենք է մատակարարել Սիրիայի քրդերին:

ԱՄՆ-ն Սիրիայի քրդերին սպառազինություն է ուղարկում. Աղբյուրը՝ «Անադոլու»

ԱՄՆ-ն Սիրիայի քրդերին սպառազինություն է ուղարկում. Աղբյուրը՝ «Անադոլու»

Հավելենք, որ Միացյալ Նահանգները մեծ քանակությամբ զենք-զինամթերք քրդերին տրամադրել է նաև հունիս-հուլիս ամիսներին: Ամերիկյան կողմի տվյալներվ՝ մի մասը եղել է նաև սննդամթերք, որոշ մասը՝ սպառազինություն, զինտեխնիկա: Միացյալ Նահանգներից նաև հայտնում են, որ զենքը միայն քրդերին չէ, նրանց հետ կռվող արաբներին էլ է տրամադրվում:

Քուրդ-արաբական ուժերը նույն հունիս ամսից սկսած իրականացնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման այսպես կոչված «մայրաքաղաք» Ռաքքայի ազատագրման գործողություն: Քաղաքի հիմնական մասն արդեն ազատագրված է: Թուրքիան քրդական այդ ուժերին համարում է «ահաբեկչական», ըստ այդմ, բացասական է տրամադրված ԱՄՆ-քրդեր հարաբերությունների զարգացման նկատմամբ:

«Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) խմբավորման մարտիկները Ռաքքա քաղաքում

«Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) խմբավորման մարտիկները Ռաքքա քաղաքում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *