Ադրբեջանի պաշտպանության նախարարն առաջին անգամ մեկնել է Իսրայել

Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնել է Իսրայել՝ Թել Ավիվ։ Հասանովը պետք է հանդիպի Իսրայելի պաշտպանության նախարարի հետ, այցելի ռազմարդյունաբերական ձեռնարկություններ ևն։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Հաղորդագրությունում նշվում է, որ Զաքիր Հասանովը նաև կայցելի Իսրայելի ԶՈւ րամանատարական և ղեկավարման կենտրոն, պաշտպանական արդյունաբերության ոլորոտում գործունեություն շավալող տարբեր ձեռնարկություններ։

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ՝ 2014 թ․, Հասանովն ընդունել էր Բաքու ժամանած Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնի գլխավորած պատվիրակությանը։ Ինքը Հասանովը դեռ Իսրայել պաշտոնական այց չէր կատարել՝ 2013թ․ Ադրբեջանի ՊՆ պաշտոնում նշանակվելուց ի վեր։

Նշենք, որ մասնավորապես վերջին տարիներին Իսրայելի և Ադրբեջանի միջև սերտ ռազմատեխնիկական համագործակցություն կա, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի գնման ոլորտում։ Բացի սարքեր գնելուց, Ադրբեջանի տարածքում կա նաև ԱԹՍ-ների հավաքման համատեղ ադրբեջանա-իսրայելական գործարան, ինչպես նաև նավերի հավաքման համատեղ արտադրամաս ևն։

Սական վերջին շրջանում այդ համագործակցությունում որոշակի բացեր երևացին։ Դա կապված է իսրայելական ընկերության մասնագետների՝ հայկական բանակի դիրքերին Ադրբեջանի «խնդրանքով» հարվածելու միջադեպի հետ։ Ինչպես արդեն հայտնել ենք, նշված միջադեպի արդյունքում Իսրայելի ՊՆ-ն կասեցրել է Ադրբեջանին մեկ տեսակի մահապարտ անօդաչու վաճառելու արտոնագիրը։

Չի բացառվում, որ Հասանովի այցի օրակարգում նաև վերջին ամսում ի հայտ եկած խնդիրների քննարկումը կարող է լինել։

Իսրայելական արտադրության Orbiter 1K «մահապարտ» ԱԹՍ-ի արդբեջանական տարբերակ

Իսրայելական արտադրության Orbiter 1K «մահապարտ» ԱԹՍ-ի արդբեջանական տարբերակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *