Ուկրաինայում անցկացվող NATO Rapid Trident-2017 զորավարժությանը մասնակցելու նպատակով 57 հոգուց բաղկացած Մոլդովայի ԶՈւ ստորաբաժանումը մեկնել է Ուկրաինա։ Զինծառայողները Ուկրաինա են մեկնել նախագահ Իգոր Դոդոնի արգելքին հակառակ:
Զորավարժությանը մասնակցելու մասին տեղեկացնում է Մոլդովայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Այդ երկրի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ սահմանադրությամբ Մոլդովան չեզոք պետություն է, և կասեցրել էր զորավարժությանը մասնակցելու կառավարության որոշումը։
«Սահմանադրության համաձայն Մոլդովայի հանրապետությունը չեզոք պետություն է, իսկ մոլդովացի զինծառայողները, կրկնում եմ, չպետք է մասնակցեն որևէ ռազմական դաշինքի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին։ Դրա հետ մեկտեղ՝ մենք չենք խոչընդոտի մոլդովացի զինծառայողներին մասնակցել ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղարարական մանևրներին»,- հայտարարել էր Իգոր Դոդոնը։
Իր հերթին մոլդովական կոնտինգենտի հրամանատար, փոխգնդապետ Ալեքսանդր Մարկուցը հայտարարել է, որ զորավարաժությանը մասնակցելու նպատակը միջազգային հարթակում Մոլդովայի բանակի հեղինակությունը բարձրացնելը և փոխգործակցությունը զարգացնելն է։
Նախագահի վարչակազմը դեռևս չի արձագանգել մոլդովացի զինծառայողների Ուկրաինա մեկնելուն։
Rapid Trident միջազգային զորավարժությունը անցկացվելու է սեպտեմբերի 7-23-ը, «Յավորիվ» զորավարժարանում։ Զորավարժությանը ներգրավվել են Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Ռումինիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Լիտվայի, Նորվեգիայի, Իտալիայի, Էստոնիայի, Կանադայի և Բուլղարիայի շուրջ 1800 զինծայող։