ՌԴ միջամտությամբ Սիրիայի քրդերի և թուրքամետ ուժերի միջև «ոչ բախումային գոտի» է ստեղծվել

Սիրիայի Հալեպ քաղաքից հյուսիս՝ Թել-Ռիֆաթի շրջանում, Սիրիայի քրդական ուժերի և Թուրքիայի հովանավորությամբ կռվող զինյալ խմբավորումների միջև «ոչ բախումային գոտի» է սահմանվել: Այդ ատարածքում քրդական ուժերին փոխարինել են ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության ուժերը: Այս մասին սեպտեմբերի 6-ին հայտարարել է ՌԴ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը:

«Ոչ բախումային գոտին» ստեղծվել է Սիրիայի քրդական զինուժի՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (YPG) և «Սիրիայի ազատ բանակի միջև» բախումներից խուսափելու համար. նշել է Ռուդսկոյը:

«Սիրիայի ազատ բանակ» խմբավորումն իրականում որպես այդպիսին վաղուց դադարեցրել է իր գործունեությունը: Ներկայում կան առանձին խմբավորումներ, որոնք ներկայանում են նաև այդ անվան տակ: Նշված տարածքում՝ Հալեպից հյուսիս, Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներն են, և Թուրքիայի հովանավորությամբ գործող որոշ զինված խմբավորումներ:

Այդտեղ հիմնականում տեղակայվել են Սիրիայի «թուրքմեններից»՝ տեղի թյուրքական ժողովուրդներից կազմված ստորաբաժանումներ, որոնք սպառազինվում են Թուրքիայի կողմից:

ՌԴ ԶՈւ գեներալը նշել է, որ կողմերի միջև բախումներից խուսափելու համար քրդական ուժերը հետ են քաշվել Թել-Ռիֆաթի շրջանից. նրանց փոխարինել են ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության և Սիրիայի բանակի ստորաբաժանումները:

Թել-Ռիֆաթի «ոչ բախումային գոտին». Աղբյուրը՝ ՌԴ ՊՆ

Թել-Ռիֆաթի «ոչ բախումային գոտին». Աղբյուրը՝ ՌԴ ՊՆ

Եթե նշված համաձայնությունը ուժի մեջ է մտել, ապա սա կարող է նշանակել, որ թուրքական կողմը քրդերի հարցում որոշակի զիջման է գնացել՝ հրաժարվելով առնվազն այդ հատվածում քրդական ուժերի դեմ գործողություններից: Սակայն առայժմ պարզ չէ, թե արդյո՞ք սա միայն տեղի զինյալ խմբավորումներին է վերաբերում, թե նաև Թուրքիայի զինուժին:

Թուրքական կողմն առայժմ չի մեկնաբանել այս հայտարարությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *