Թալ-Աֆարի ազատագրման ընթացքում Իրաքը կորցրել է 115 զինծառայող

Անցյալ շաբաթ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին խոշոր հենակետերից մեկի՝ Թալ-Աֆարի ազատագրման գործողության ընթացքում սպանվել է կառավարական բանակի 115 զինծառայող: ԻՊ-ն կորցրել է շուրջ 2000 զինյալ: Այս մասին հայտարարել է Իրաքի բանակի հրամանատարներից գեներալ-լեյտենանտ Աբդուլ Ամիր Յարալլահը:

Իրաքի կառավարական ուժերը՝ Թալ Աֆարի գրոհի ընթացքում

Իրաքի կառավարական ուժերը՝ Թալ-Աֆարի գրոհի ընթացքում

Իրաքցի գեներալը նշել է, որ 12 օր տևած մարտերի ընթացքում կառավարական ուժերը սպանել են «Իսլամական պետության» 2000 ահաբեկչի, որոնցից 50-ը՝ մահապարտ ահաբեկիչ:

Մոսուլից արևմուտք տեղակայված Թալ-Աֆարի ազատագրման գործողությունն իրականացվել է օգոստոսի 20-31-ի ընթացքում: Արդյունքում չեզոքացվել է 71 «մահապարտ մեքենա», 71 ականապատ շինություն, 990 միավոր ֆուգասային ռումբ:

Իրաքի կառավարական ուժերը 115 զոհից բացի ունեցել են նաև 679 վիրավոր: Գործողությունից առաջ և ընթացքում Իրաքի բանակը քաղաքից տարհանել է խաղաղ բնակչության զգալի մասին:

Ավելացնենք, որ Թալ-Աֆարի ազատագրման գործողությանը Իրաքի բանակից բացի ներգրավվել էին նաև տեղի քրդական ինքնավար շրջանի Փեշմերգա զորաջոկատները: Քրդական կողմի կորուստների թիվը առայժմ հայտնի չէ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *