Տարբեր զորակոչի ենթակա եղբայրները կկարողանան ծառայել նույն զորամասում. նախագիծ

ՀՀ ՊՆ ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով՝ հայտարարված զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինծառայության զորակոչվող եղբայրները, իրենց ցանկությամբ, ծառայության են զորակոչվում միևնույն զորամաս: Այս մասին նշված է օրինագծում:

Շարքային կազմի պարտադիր զինծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության է նշանակվում եղբոր ծառայության զորամասում, եթե եղբոր ծառայության ժամկետը չի գերազանցում 17 ամիսը:

Ներկայում «Զինապարտության մասին» գործող օրենքով զինված ուժեր կամ այլ զորքեր միաժամանակ զորակոչվող եղբայրները, իրենց ցանկությամբ, ծառայության են զորակոչվում միևնույն զորամաս:

Ներկայացված օրենքի նախագծում փոփոխվել է «միաժամանակ զորակոչվող եղբայրները» դրույթը: Սա նշանակում է, որ եղբայրները, անկախ այն բանից՝ նույն զորակոչի ընթացքում են զորակոչվում բանակ, թե ոչ, կարող են ծառայություն անցնել նույն զորամասում:

«Մենք ասում ենք, որ եթե երկու եղբայր նույն զորակոչի ժամանակ են զորակոչվում, ապա իրենք կարող են նույն զորամասում իրենց ցանկությամբ ծառայություն անցնել:

Օրինագծով առաջարկում ենք «նույն զորակոչ» ձևակերպումը հանել, որովհետև անկախ նրանից նույն զորակոչն է, թե ոչ, եթե նույն ընտանիքից երկու կամ երեք եղբայր ծառայում են, իրենք իրենց ցանկությամբ պետք է կարողանան նույն զորամասն ընտրել»:

Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարը հայտնել է կառավարության՝ օգոստոսի 31-ի նիստի ժամանակ: Նիստին կառավարությունը հավանություն է տվել առաջարկվող օրինագծին: Այս մասին հայտնում է կառավարության կայքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *