ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ընտրվելու է 5 տարի ժամկետով. օրենքի նախագիծ

ՀՀ ՊՆ ներկայացրած «Պաշտպանության մասին» օրենքի նախագծով ՀՀ զինված ուժերը գլխավորում է ԶՈւ գլխավոր շտաբի պետը, որը նշանակվում է 5 տարի ժամկետով: ԳՇ պետը հանդիսանում է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը: Այս մասին նշված է օրինագծում:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում:

Այս պահին գործող օրենքում շտաբի պետի գործառույթը ձևակերպվում է այսպես. «Զինված ուժերի կառավարումն իրականացնում է գլխավոր շտաբի պետը, որը հանդիսանում է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը»:

Օրինագծով զինված ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Անմիջական ղեկավարումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը, որը կազմակերպում և վերահսկում է զինված ուժերի ու ՀՀ ՊՆ համակարգի մեջ մտնող այլ մարմինների և կազմակերպությունների գործունեությունը:

Գործող օրենքում  զինված ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ նախագահը` որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար: Անմիջական ղեկավարումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը, որը կազմակերպում և վերահսկում է զինված ուժերի ու ՀՀ ՊՆ համակարգի մեջ մտնող այլ մարմինների և կազմակերպությունների գործունեությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *