Արթուր Աղաբեկյանին շնորհվել է «Արցախի հերոսի» կոչում

Օգոստոսի 31-ին՝ Արցախի 26-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ, Արթուր Աղաբեկյանին շնորհվել է «Արցախի հերոս»  կոչում և «Ոսկե Արծիվ» շքանշան։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը։

Լուսանկարը՝ Artsakh Pressի

Արթուր Աղաբեկյան․ Լուսանկարը՝ Artsakh Press-ի

Պետական բարձր պարգևներով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ, ազատամարտիկներ, մի խումբ պետական և հասարակական գործիչներ, դիվանագետներ, բարերարներ, տնտեսության, կրթության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ: Բացի այդ, արվեստի և լրագրության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են պատվավոր կոչումներ:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք։

Արթուր Աղաբեկյանի կենսագրությունը՝ ՀՀ ԱԺ կայքից․

Ծնվել է 1963թ. նոյեմբերի 24-ին  ԼՂ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում:

1986թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը` ինժեներ-էլեկտրատեխնիկի մասնագիտությամբ:

1986-1988թթ. աշխատել է «Հայգյուղ-մեքենայացում» ԳԱԱ-ում` որպես գիտական աշխատող:

1988-1994թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին, եղել է ԼՂ Հադրութի պաշտպանական շրջանի առաջին հրամանատարը, ապա` ԼՂ պաշտպանության բանակի շտաբի 4-րդ բաժնի պետը:

1992թ. եղել է ԼՂ ԳԽ առաջին նախագահի խորհրդական:

1992-1996թթ. եղել է ԼՂ պաշտպանության բանակի առաջին ՊՇ հրամանատար:

1997-1999թթ. եղել է 1-ին ԲՇ հարավ-արևելյան բրիգադի հրամանատարը:

1999թ. ԼՂ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂ ներքին գործերի նախարար:

1999թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարության տարածաշրջանային ինտեգրման վարչության պետ:

2000թ. նշանակվել է ՀՀ պաշտպանության փոխնախարար:

2000թ. ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել  համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:

2007թ. հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, իսկ 2009 թվականի մայիսի 21-ին տվել է հրաժարական:

[2012 թ. սեպտեմբերի 22-ին Արցախի ղեկավարի հրամանագրով նշանակվել է Արցախի փոխվարչապետ։

2017-ի մայիսի 20-ին Արցախի ղեկավարի հրամանագրով, իր դիմումի համաձայն՝ ազատվել է Արցախի փոխվարչապետի պաշտոնից]։

Պարգևատրվել է ՀՀ երկրորդ աստիճանի «Մարտական խաչ», ԼՂՀ առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով, «Խիզախության համար», «Դրաստամատ Կանայան» մեդալներով, «Մարշալ Բաղրամյան-100» հուշամեդալով:

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *