ԱՄՆ գլխավորած կոալիցիան հարվածել է Լիբանանից Սիրիա հեռացող ԻՊ զինյալներին

Օգոստոսի 30-ին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի օդուժի կործանիչները հարվածել են սիրիա-լիբանանյան սահմանից դեպի Սիրիայի արևելք գնացող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների շարասյանը: Այս մասին հայտարարել է կոալիցիայի խոսնակ Ռայան Դիլոնը, փոխանցում է Reuters գործակալությունը:

«Հեզբոլլահ» շարժման մարտիկները շարժման և Լիբանանի դրոշն են դնում սիրիա-լիբանանյան սահմանին․ Նկարը՝ Reuters գործակալության

«Հեզբոլլահ» շարժման մարտիկները շարժման և Լիբանանի դրոշն են դնում սիրիա-լիբանանյան սահմանին․ Նկարը՝ Reuters գործակալության

Նա նշել է, որ կոալիցիայի օդուժը ավիահարվածների միջոցով փորձել է կանխել իսլամիստ զինյալների տեղափոխումը Սիրիայի արևելք: «Իսլամական պետության» զինյալները Սիրիա-Լիբանան սահմանից հեռանալու վերաբերյալ համաձայնության էին եկել Լիբանանի բանակի, լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և Սիրիայի կառավարական բանակի հետ օգոստոսի 27-ին: Սակայն այս համաձայնությունը քննադատել է Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիան և Իրաքի կառավարությունը:

Օգոստոսի 28-ին ԻՊ 308 զինյալ իրենց ընտանիքների հետ միասին դուրս են եկել սիրիա-լիբանանյան սահմանից, ինչից հետո սահմանը ամբողջությամբ ազատագրվել է իսլամիստ զինյալներից:

Մինչև հրադադար կնքելը, «Հեզբոլլահ» շարժումը և Սիրիայի կառավարական բանակը մոտ 1 շաբաթ գործողություններ էին իրականացնում ԻՊ զինյալների դեմ Սիրիայի Քալամուն շրջանում՝ սիրիա-լիբանանյան սահմանին: Դրան զուգահեռ լիբանանյան տարածքում ԻՊ դեմ գործողությունն էր իրականացնում նաև Լիբանանի բանակը:

Սիրիա-Լիբանան սահմանի լեռնային հատվածները ահաբեկչական խմբավորումները օգտագործում էին Սիրիա զենքի ու զինամթերքի և զինյալների տեղափոխման համար:

Բացի «Իսլամական պետությունից», լեռնային շրջաններում նաև գործում էին «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման զինյալներ, որոնց դեմ նույնպես Լիբանանի բանակը, «Հեզբոլլահի» մարտիկները գործողություններ են իրականացրել: Կողմերի համաձայնությամբ՝  «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման զինյալները ևս հեռացել են սիրիա-լիբանանյան սահմանից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *