ՀՀ ԱԱԽ նիստի ընթացքում քննարկվել են զինծառայության և պաշտպանության մասին օրենքի նախագծեր

Օգոստոսի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

Օգոստոսի 30-ին գումարված ՀՀ ԱԱԽ նիստը

Օգոստոսի 30-ին գումարված ՀՀ ԱԱԽ նիստը

Նիստի սկզբում ընդգծելով, որ այսօրվանից մեկնարկում է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված օրինագծերի քննարկումների շարքը, նախագահը նշել է, որ օրակարգում ներառված նախագծերում դեռևս շատ հարցեր կան, որոնք մանրակրկիտ, բազմակողմանի քննարկման և հստակեցման կարիք ունեն:

Նախագահը հանձնարարել է վարչապետին՝ ապահովել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների մասնագիտական բարձր որակով մասնակցությունը այդ քննարկումներին, որպեսզի հետագայում որևէ հարց չառաջանա այդ գերատեսչությունների կողմից օրենքով նախատեսված խնդիրների իրագործման հարցում:

Օրակարգի վերոնշյալ հարցերը խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարը ներկայացրել է քննարկվող իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը, խնդիրները և օրինագծերի կարգավորման նպատակը:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ «Պաշտպանության մասին» օրենքը կարգավորում է ՀՀ պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների՝ անկախ կազմակերպական իրավական ձևից, զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, ՀՀ պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը կարգավորում էՀՀ քաղաքացիների կողմից երկրի պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները:

Պաշտպանության նախարարը խորհրդի նիստում ներկայացրել է նաև կառավարությունում և Ազգային ժողովում հիշյալ օրինագծերի քննարկումների ժամանակացույցը, ըստ որի՝ շահագրգիռ բոլոր նախարարություններից արդեն ստացված եզրակացությունների հիման վրա մշակված նախագծերի քննարկումները կմեկնարկեն օգոստոսի 31-ին կառավարության նիստում:

Նշենք, որ երեկ` օգոստոսի 29-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի արտահերթ նիստ, որի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար ը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ու «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Նիստի մասնակիցներն անդրադարձել են օրենսդրական նախաձեռնություններում առկա նոր դրույթներին ու իրավակարգավորումներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *