Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո օդաչուների քանակը գրեթե կեսով կրճատվել է

Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ռազմաօդային ուժերում օդաչուների խիստ պակաս է զգացվում: Մինչև հեղաշրջման փորձը օդուժում ծառայում էր մոտ 1350 օդաչու, իսկ դրանից հետո թիվը գրեթե կեսով կրճատվել է՝ հասնելով 670-ի:  Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Յենի ՇաՖաք» պարբերականի կայքը:

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ՝ տեղակայված Քոնիայի 3-րդ ավիաբազայում

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ՝ տեղակայված Քոնիայի 3-րդ ավիաբազայում

Ըստ աղբյուրի՝ Թուրքիան իր F-16 կործանիչների համար օդաչուներ է խնդրել Միացյալ Նահանգներից և Պակիստանից: Պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ-ն հրաժարավել է աջակցել, իսկ Պակիստանը նախնական համաձայնվել է, սակայն հետագայում ԱՄՆ-ի ճնշման ներքո նույնպես հրաժարվել օդաչուներ ուղարկել Թուրքիա:

Պակասը լրացնելու համար Թուրքիայի իշխանությունները որոշել են հետ ընդունել այն բոլոր օդաչուներին, ովքեր պաշտոնավարման 18 տարին դեռևս չլրացած կամավոր հեռացել են զինված ուժերից: Նախատեսվում է մոտ 200 օդաչուի վերադարձ ռազմաօդային ուժեր, որից 100-ը կհամալրեն F-16 կործանիչների օդաչուների շարքերը:

Նշենք, որ նախկինում սեփական կամքով զինուժից հեռացած ռազմական օդաչուներին որպես ռեզերվ ներգրավելու մասին մասին հրամանագիրը ընդունվել է դեռևս 2016 թ. հոկտեմբերին:

Մյուս կողմից, 2017-ի ապրիլից Թուրքիայի իշխանությունները ռազմական օդաչուների պակասը լրացնելու համար բանակցում են Թուրքիայի ռազմական և քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչների հետ:

Դեռևս 2016 թ. նոյեմբերի 18-ին, անդրադառնալով Թուրքիայի ռազմաօդային ուժերում օդաչուների պակասին, թուրքագետ Լևոն Հովսեփյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ այդ պահի դրությամբ ռազմական օդաչուները պահանջվածից 2.5-3 անգամ ավելի պակաս էին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *