Ռուսաստանի օդուժը հարվածել է Դեր Զորում «Իսլամական պետության» դիրքերին

Օգոստոսի 28-ին Ռուսաստանի ռազմաօդային ուժերը հարվածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դերքերին՝ Սիրիայի Դեր Զոր նահանգում:Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանի ՊՆ նաև տեսանյութ է տարածել, որում երևում են զինյալներին հասցված հարվածները:

Ըստ աղբյուրի՝ հարվածների արդյունքում ոչնչացվել են «Իսլամական պետության» 4 տանկ, գնդացիրներով սպառազինված 16 մեքենա, զինամթերքով բեռնված 6 բեռնատար:

Ավելի վաղ ռուսաստանյան կողմը նաև հայտնել է, որ Եփրատի ափին գտնվող Գանեմ Ալի շրջանում Սիրիայի կառավարական բանակը Ռուսաստանի օդուժի աջակցությամբ ոչնչացրել է ԻՊ ավելի քան 800 զինյալի:

Նշենք, որ Սիրիայի Դեր Զոր նահանգը և հարակից շրջանները ներկայում մեծամասամբ «Իսլամական պետության» վերահսկողության տակ են: Այդ հատվածում կառավարական ուժերի ձեռքում է միայն Դեր Զոր նահանգի վարչական կենտրոնը: Սակայն կառավարական ուժերը այդ հատվածում կտրված են մյուս ստորաբաժանումներից, ինչը որոշակիորեն կարող է դժվարեցնել իսլամիստ զինյալներից մյուս տարածքներից ազատագրումը:

Ավելի վաղ՝ օգոստոսի 25-ին, ԱՄՆ աջակցությամբ գործող, արաբներից և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) խմբավորումը հայտարարել է, որ մոտ ժամանակներում կսկսեն գրոհ ԻՊ դեմ` Դեր Զորի ուղղությամբ: Սակայն ներկայում այդ խմբարումը ԻՊ դեմ գործողություններ է իրականացնում Ռաքքա քաղաքի ազատագրման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *