Սիրիա-Լիբանան սահմանը ազատագրվել է «Իսլամական պետության» զինյալներից

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը հայտարարել է, որ սիրիա-լիբանանյան սահմանից դուրս է եկել «Իսլամական պետության» 308 զինյալ և 331 քաղաքացիական: Այդպիսով, Սիրիա-Լիբանան սահմանը ամբողջությամբ ազատագրվել է իսլամիստ զինյալներից: Փոխանցում է Reuters գործակալությունը:

Լիբանանի բանակը սիրիա-լիբանանյան սահմանի Ռաաս-Բալբեք քաղաքում, օգոստոս 2017

Լիբանանի բանակը սիրիա-լիբանանյան սահմանի Ռաաս-Բալբեք քաղաքում, օգոստոս 2017

Օգոստոսի 28-ին ԻՊ զինյալները իրենց ընտանիքների հետ միասին տեղափոխվել են Սիրիայի արևելք: Զինյալների տեղահանումը արվել է Սիրիայի բանակի ուղեկցությամբ:

«Հեզբոլլահ» շարժման առաջնորդը նաև հայտարարել է, որ Սիրիայի արևմտյան Քալամուն շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններում զոհվել է Սիրիայի կառավարական բանակի 7 զինծառայող և «Հեզբոլլահ» շարժման 11 մարտիկ:

Հիշեցնենք, որ ԻՊ զինյալները սիրիա-լիբանանյան սահմանից հեռանալու վերաբերյալ համաձայնությանն են եկել մի կողմից Լիբանանի բանակի, իսկ մյուս կողմից էլ Սիրիայի բանակի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ օգոստոսի 27-ին:

Մինչ այդ, մոտ 1 շաբաթ Լիբանանի բանակը լիբանանյան Արսալ շրջանում, իսկ «Հեզբոլլահ» շարժումն ու Սիրիայի կառավարական բանակը սիրիական Քալամուն շրջանում գործողություններ էին իրականացնում ԻՊ զինյալների դեմ: Լիբանանյան բանակը հայտարարել էր, որ իր գործողությունները չի համակարգում «Հեզբոլլահ» շարժման հետ:

Սիրիա-Լիբանան սահմանի լեռնային հատվածները ահաբեկչական խմբավորումները օգտագործում էին Սիրիա զենքի ու զինամթերքի և զինյալների տեղափոխման համար:

Բացի «Իսլամական պետությունից» լեռնային շրջաններում նաև գործում էին «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման զինյալներ, որոնց դեմ նույնպես Լիբանանի բանակը, «Հեզբոլլահի» մարտիկները գործողություններ են իրականացրել: Կողմերի համաձայնությամբ՝  «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման զինյալները ևս հեռացել են սիրիա-լիբանանյան սահմանից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *