Քրդական ուժերը գրոհ կսկսեն Դեր Զորի ուղղությամբ. SDF-ի հրամանատար

ԱՄՆ աջակցությամբ գործող, արաբներից և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) մոտ ժամանակներում կսկսեն գրոհ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ` Դեր Զորի ուղղությամբ:Այս մասին հայտնել է Դեր Զորում SDF-ի զինված ուժերի հրամանատար Ահմեդ Աբու Խավլան. փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:

Քրդական ուժերը՝ Դեր Զոր — Ռաքքա ճանապարհին. 23.02.2017 թ.

Քրդական ուժերը՝ Դեր Զոր — Ռաքքա ճանապարհին. 23.02.2017 թ.

SDF-ի ուժերը արդեն վերահսկում են որոշ տարածքներ Սիրիայի Դեր Զոր նահանգի հյուսիսում, և սկսվելիք գրոհը, ամենայն հավանականությամբ, կուղղվի դեպի հարավ ընկած և ԻՊ կողմից վերահսկվող մյուս տարածքների վրա:

«Դեր Զորի ազատագրման գործողությունը կսկվի շատ շուտով: Իմ ջոկատները արդեն Դեր Զորի տարածքում են և ազատագրել են որոշ տարածքներ», — Հայտնել է հրամանատար Խավլան:

Ըստ հրամանատար Խավլայի՝ իր ենթակայության տակ կա հիմնականում դերզորցի արաբներից կազմված շուրջ 4000 հոգանոց խումբ:

Հունիսից SDF-ը սկսել էր Սիրիայում ԻՊ խոշոր հենակետ Ռաքքա քաղաքի ազատագրման գործողությունները, որոնք այժմ ևս շարունակվում են: SDF-ի մարտիկները գործում են բավականին զգուշավոր և դանդաղ, քանի որ քաղաքի տարբեր հատվածներ ականապատված են, ինչպես նաև ԻՊ-ն գործի է դնում դիպուկահարներ:

Դեր Զորի ուղղությամբ գրոհը ընթանալու է Ռաքքայի ազատագրման գործողություններին զուգահեռ:

Նույն ժամանակ Դեր Զորի ուղղությամբ են շարժվում նաև Սիրիայի կառավարական ուժերը: Օգոստոսի 12-ին Սիրիայի բանակին հաջողվել էր ազատագրել Հոմս նահանգում ԻՊ վերջին խոշոր հենակետ Աս-Սուխնա քաղաքը, իսկ հետագայում նաև՝ շրջակայքում գտնվող որոշ տարածքներ:

Աս-Սուխնայի ազատագրումը կառավարական ուժերի համար ճանապարհ է բացում դեպի Դեր-Զոր: Աս-Սուխնայից միչև Դեր Զոր նահանգի համանուն քաղաքը շուրջ 140 կմ է: Բացի այդ Դեր Զոր քաղաքի որոշ հատվածներ վերահսկում են իրենց հիմնական ստորաբաժանումներից կտրված կառավարական ուժերը: Այստեղ մարտական գործողությունները ևս շարունակվում են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *