Սիրիայում հրադադարի ռեժիմին միացել է շուրջ 2200 բնակավայր

Սիրիայում իշխանությունների և զինյալ խմբավորումների միջև կնքված համաձայնագրերի շրջանակներում հրադադարի ռեժիմին միացած բնակավայրերի թիվը հասել է 2211-ի: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալություն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Սիրիայի կառավարական բանակի մարտիկներ

Սիրիայի կառավարական բանակի մարտիկներ

Ըստ աղբյուրի՝ 1 օրվա ընթացքում ռազմական գործողությունները դադարեցրել է և հրադադարի ռեժիմին միացել է 4 բնակավայր, որից 2-ը Համա նահանգում, մյուս 2-ն էլ Հոմսում: Իշխանությունները շարունակում են բանակցել Հոմս, Համա, Դամոսկոս, ալ-Կունեյտրա նահանգներում կռվող զինյալներ հետ՝ հրադադարի ռեժիմին միանալու համար:

Սիրիական ճգնաժամի լուծման համար բանակցությունների 5 փուլ է անցկացվել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Դրանց ընթացքում կողմերը համաձայնվել են Սիրիայում «ապաէսկալացման գոտիներ»  և հրադադարի պահպանմանը հետևող օպերատիվ խմբի ստեղծման վերաբերյալ:

Սիրիայում ներկայում գործում է «ապաէսկալացման» 3 գոտի՝ հարավարևմտյան գոտի (Դարաա և Կունեյտրա շրջաններ), Հոմսի «ոչ բախումային գոտին» և Արևելյան Գուտան: Նախատեսվում է ևս մեկ գոտի ստեղծել Իդլիբ նահանգում, սակայն դրա ստեղծման համար վերջնական համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել:

Հրադադարի ռեժիմը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի երաշխավորությամբ հաստատվել է 2016-ի դեկտեմբերի վերջից: Հրադադարը չի տարածվում «Իսլամական պետություն», «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումների վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *