ԻՀՊԿ-ն հերքել է PKK դեմ Թուրքիայի հետ համատեղ գործողությունների իրականացումը

Օգոստոսի 22-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի ավիացիայի առաջին «Սեյեդ օլ Շոհադա» ռազմաբազան հերքել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ Իրանի և Թուրքիայի համատեղ գործողությունների մասին տեղեկությունները: Ռազմաբազայի հայտարարությունը փոխանցում է իրանական Fars News գործակալությունը:

«Մենք չենք պլանավորել որևէ գործողություն Իրանի սահմաններին, սակայն կտանք արժանի պատասխան ցանկացած խմբի կամ մարդու, որը կփորձի անցնել Իրանի տարածք ահաբեկչական գործողությունների համար»,– ասվում է ռազմաբազայի հայտարարությունում:

Մինչ այս՝ օգոսոտոսի 21-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ահաբեկչական կառույցների դեմ Իրանի հետ համատեղ գործողությունները մշտապես երկու երկրների օրակարգում են:

Իսկ թուրքական մամուլը տարածել է տեղեկություններ այն մասին, որ հնարավոր է՝ Թուրքիայի և Իրանի զինված ուժերի ստորաբաժանումներն Իրաքի Քանդիլ և Սինջար շրջաններում գործողություններ սկսեն PKK-ի դեմ 2017-ի հոկտեմբերին:

Օօգոստոսի 15-17-ը Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին եղել է Թուրքիայում։ Բաղերին հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարին, պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Իրանական կողմի պնդմամբ՝ կողմերը քննարկել են երկու երկների սահմանների անվտանգության պահպանման և ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Նշենք, որ Իրանում գործում է PKK խմբավորման PJAK ճյուղավորումը (քրդ. Partiya Jiyana Azad a Kurdistanê, «Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցություն»), որն իր հերթին զինված մարտեր է մղում Իրանի ուժայինների դեմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *