Փոխվել է Իրանի բանակի հրամանատարը

Իրանի հոգևոր առաջնորդի հրամանագրով Իրանի բանակի հրամանատարի պաշտոնում է նշանակվել Աբդոլռահիմ Մուսավին, որին միաժամանակ շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը:

Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին

Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին

Նախորդ տարվա հուլիսից Մուսավին զբաղեցնում էր Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ՝ Իրանի բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը՝ 2008 թվականից: (Այստեղ տեղին է շեշտել, որ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբին են ենթակա ոչ միայն բանակը, այլև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը):

Մուսավիի արդեն նախկին՝ Իրանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնին նշանակվել է գեներալ-մայոր Ատաոլլահ Սալեհին, որն էլ մինչ այդ զբաղեցնում էր Իրանի բանակի հրամանատարի պաշտոնը:

Ստացվում է, որ զինվորականները փոխարինել են մեկը մյուսին: Սակայն սրա պատճառներն առայժմ հայտնի չեն:

Իրանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ատաոլլահ Սալեհին

Իրանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ատաոլլահ Սալեհին

Նշենք, որ օրեր առաջ Իրանում փոփոխվել է պաշտպանության նախարարը: Այդ պաշտոնին նշանակվել է նախկին փոխնախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին: Արդեն նախկին նախարար Հոսեյն Դեհղանն իր հերթին նշանակվել է Իրանի հոգևոր առաջնորդի՝ ռազմարդյունաբերական գծով խորհրդական:

Իսկ Իրանի զինված ուժերի հրամկազմում խոշոր տեղաշարժեր են եղել նախորդ տարվա ամռանից սկսած: 2016թ. հունիսին Իրանի ԶՈւ ԳՇ պետ նշանակվեց գեներալ Մոհամադ Հոսեյն Բաղերին, ով այդ պաշտոնում փոխարինեց գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադիին: Այսպիսով, 1989 թվականից հետո առաջին անգամ այս պաշտոնին նշանակվեց նոր մարդ։

Մինչ այդ Բաղերին զբաղեցնում էր Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը: Բաղերիի փոխարեն հուլիսին ԶՈւ ԳՇ պետի տեղակալ նշանակվեց բրիգադային գեներալ Ամիր Սեյիդ Աբդոլռահիմ Մուսավին, որը 2008-ից բանակի հրամանատարի տեղակալն էր (նրա մասին նշվեց վերևում):

Նոյեմբերին Իրանի բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնում է նշանակվել բրիգադային գեներալ Ահմադ Ռեզա Փուրդասթանը, ով  մինչ այդ Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարն էր: Փուրդասթանի թափուր պաշտոնն է զբաղեցրել բրիգադային գեներալ Քիոմարս Հեյդարին, ով 2007 թվականից ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալն էր:

Դեկտեմբերին Բասիջ կազմավորման հրամանատարի պաշտոնը զբաղեցրեց բրիգադային գեներալ Ղոլամհոսեին Ղեիբփարվարը, որը մինչ այդ 11 տարի զբաղեցրել է Իրանի հարավային Ֆարս նահանգի ԻՀՊԿ հրամանատարի պաշտոնը, իսկ 2015-ից «Իմամ Հոսեին» ռազմաբազայի հրամանատարն էր:

Հեղինակավոր Al-Monitor կայքի վերլուծության համաձայն՝ մասնավորապես ԶՈւ ԳՇ պետի և Բասիջի ղեկավարների պաշտոններում նշանակվել են այնպիսի գեներալներ, որոնք թեև իրենց «գաղափարական արժանիքներով» զիջում են, բայց մարտական ու կազմակերպչական փորձով գերազանցում են նախորդներին։ Սրա նպատակն Իրանի համար ուժեղ պաշտպանական համակարգ և արդյունքում կանխատեսելի տեսանելի ապագա ունենալն է՝ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունների համատեքստում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *