Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետը կայցելի Թուրքիա՝ սիրիական զարգացումները քննարկելու

Օգոստոսի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Մյլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը քննարկելու համար Թուրքիա կայցելի ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը: Փոխանցում է «Սպուտնիկ» լրատվական գործակալության թուրքական ծառայությունը:

«Իդլիբի հարցով բանակցություննները շարունակվում են, Իրանի գլխավոր շտաբի պետի այցիցի հետո Ռուսաստանի գլխավոր շտաբի պետն էլ է Թուրքիա գալիս»,–հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Իդլիբում տեղակայված են սիրիական տարբեր զինյալ խմբավորումներ, որոնց մի մասին աջակցում է Թուրքիան: Վերջին շրջանում Իդլիբում վերահսկողությունն ակնհայտորեն ամրապնդել է «Ալ-Նուսրայի Ճակատ» ահաբեկչական խմբավորումը:

Ավելացնենք, որ հուլիսի 15-17-ին եռօրյա աշխատանքային այցով Թուրքիայում էր Իրանի ԶՈւ ԳՇ պետը: Նա հանդիպել էր Թուրքիայի նախագահին, պաշտպանության նախարարին, ԶՈւ ԳՇ պետին: Կողմերը քննարկել էին տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող մի շարք խնդիրներ, այդ թվում՝ սիրիական հիմնախնդիրը, Իրաքի քրդական շրջանում անցկացվելիք անկախության հանրաքվեն:

Սիրիայի Իդլիբ քաղաքը. (արխիվ)

Սիրիայի Իդլիբ քաղաքը. (արխիվ)

«Ռուսաստանը YPG-ի [Սիրիայի քրդերի զինուժ՝ խմբ.] հարցում Թուրքիայի դիրքորոշումը ԱՄՆ-ից ավելի լավ է հասկանում»,–իր հայտարարությունում ավելացրել էր Թուրքիայի արտգործնախարարը: 

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հավելել է, որ «ոչ ոք չի տեսել, որ Ռուսաստանը YPG-ին զենք վաճառի»:

Այս ուղերձներով Չավուշօղլուն ուղղակիորեն մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայի քրդերին սպառազինելու համար՝ միևնույն ժամանակ հասկացնելով, որ եթե դա շարունակվի՝ իրենք կարող են խորացնել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքորւմ դաշնակցում և աջակցում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումների դաշինքին, որտեղ հիմնական դերը հենց Սիրիայի քրդերի նշված խմբավորմանն է:

ԱՄՆ-ն 2017 թ. հունիսից ԻՊ սիրիական կենտրոն Ռաքքա քաղաքի ազատագրման գործողությունների շրջանակներում հաճախակիացրել է զենքի և զինամթերքի մատակարարումները Սիրիայի քրդերին, ինչը բավականին բացասական գնահատականի է արժանանում Թուրքիայում, քանի որ պաշտոնական անկարան քրդական կառույցը համարում է Թուրքիայում «ահաբեկչական» հայտարարված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) «սիրիական թև»:

ԱՄՆ-ն սպառազինություն է ուղարկում Սիրիայի քրդերին․ Աղբյուրը՝ «Անադոլու»

ԱՄՆ-ն սպառազինություն է ուղարկում Սիրիայի քրդերին․ Աղբյուրը՝ «Անադոլու»

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *