Իրանը և Թուրքիան դեմ են Իրաքի քրդերի անկախության հանրաքվեի անցկացմանը

Իրանն ու Թուրքիան դեմ են Իրաքի քրդերի անկախության հանրաքվեի անցկացմանը, քանի որ այն կարող է հակամարտության մեջ նետել թե՛ Իրաքին, թե՛ Իրանին և թե՛ Թուրքիային։ Այս մասին Թուրքիային նախագահի և բանակի հրամկազմի հետ հանդիպումներից հետո հայտարարել է Իրանի ԶՈւ ԳՇ պետը:

Օգոստոսի 16-ին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հայտարարությունը փոխանցել է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։

«Եթե հանրաքվեն այնուամենայնիվ անցկացվի, Իրաքի ներսում լարվածության և հակամարտության հիմք կհանդիսանա, որի հետևանքները կտարածվեն հարևան երկրներում», -ասել է Բաղերին։

Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Բաղերիի խոսքերով՝ Թուրքիայի և Իրանի համար հանրաքվեի անցկացումը անընդունելի է և չպետք է տեղի ունենա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին  Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին եռօրյա պաշտոնական այցով մեկնել էր Թուրքիա։ Այցի ընթացքում Բաղերին հանդիպել է  Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարի, պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիի, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Այցի ընթացքում երկու երկրների պաշտոնյաները քննարկել են նաև սիրիական հակամարտության կարգավորմանը, սահմանային անվտանգությանը, ռազմական համագործակցությանը, հակաահաբեկչական պայքարին վերաբերող հարցեր։

Քննարկումների արդյունքում համաձայնեցվել է ուսումնական ոլորտի համագործակցությանը առնչվող հարցեր։ Կողմերը պայմանավաորվածություն են ձեռք բերել նաև միմյանց երկրներ նավախբեր ուղարկելու, զորավարժություններին դիտորդներ ուղարկելու, փորձի փոխանակման հարցերում։

Հիշեցնենք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ պայքարի շրջանակներում Թուրքիան պատ է կառուցում Իրանի հետ սահմանին։ Միաժամանակ Իրանը նույնպես երկրի հյուսիսում ակտիվ պայքար է մղում քրդական ընդդիմադիր խմբավորումների դեմ, որոնք մեծամասամբ PKK-ի ճյուղավորումներ են։

Իրանական կողմը ողջունել է պատի կառուցումը և հայտարարել, որ կողմ է երկու երկրների սահմանների անվտանգությանը նպաստող ցանկացած ձեռնարկման։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *