Իրաքի բանակը պատրաստվում է գրոհել Թալ-Աֆարը

Իրաքի զինված ուժերը մեկնարկում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումից երկրի հյուսիսային Թալ-Աֆար քաղաքի ազատագրման գործողությունները:

Իրաքի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ներկայում երկրի ՌՕՈւ Ֆ-16 կործանիչները ավիահարվածներ են հասցնում քաղաքում ահաբեկիչների դիրքերին. ոչնչացվել են զինագործարան, հրամանատարական կետ և զենքի պահեստներ՝ քաղաքի հյուսիսային շրջաններում:

Ավելի վաղ Իրաքի ՊՆ-ից հայտնել էին, որ ազատագրման բուն գործողությունները դեռ չեն սկսվել, և բանակը սպասում է բարձրագույն հրամանատարության հրամանին՝ կեսգիշերին:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի ՊՆ մամուլի խոսնակը հեռուստատեսությամբ հայտնել էր, որ ցամաքային գործողությունները սկսվելու են ավիահարվածներից հետո:

Դեռ անցած տարի Իրաքի բանակի կողմից կռվող, հիմնականում շիաներից, եզդիներից և քրիստոնյաներից կազմված «Հաշդ աշ-շաաբի» ջոկատները սկսել էին Թալ-Աֆար քաղաքի ազատագրման գործողությունը: Նրանք կարողացել էին ազատագրել քաղաքի մերձակայքում գտնվող որոշ տարածքներ, սակայն, բուն քաղաք չէին մտնել:

Թալ-Աֆարի ազատագրման գործողություններում հիմնականում շիայական, Իրանի հովանավորությունը վայելող «Հաշդ աշ-շաաբի» ջոկատների ներգրավմանը  դեմ էր Թուրքիան: Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ որ եթե Հաշդ աշ-շաաբիի ջոկատները մտնեն Թալ-Աֆար, Թուրքիան դիմելու է համապատասխան գործողությունների և դիտորդի կարգավիճակում չի մնալու: Թալ-Աֆարը համարվում է Իրաքում սուննի թուրքմենների կենտրոնը, և Թուրքիայի հետաքրքրությունները այստեղ հենց այդ գործոնով էլ պայմանավորված են:

Նշենք նաև, որ Թալ-Աֆար քաղաքը գտնվում է 50-60 կմ հեռավորության վրա Մոսուլ քաղաքից և գտնվում է ԻՊ զինյալների ձեռքում 2014-ի կեսերից: Մոսուլը Իրաքի բանակը ազատագրել էին այս տարվա հուլիսի 9-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *