Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություն կանցկացնեն երկրի հարավում

Իրանի բանակի ռազմածովային ուժերը մոտ օրերս ռադիոէլեկտրոնային պայքարի թեմատիկայով զորավարժություն կանցկացնեն Մեքրանի ափերին։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Հաբիբոլահ Սայարին։ Փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Սայարին հավելել է, որ ՌԾՈւ-ն ընթացիկ տարում (իրանական օրացույցով 2017թ. մարտի 21-ից 2018թ. մարտի 21-ը) ընդհանուր առմամբ անցկացնելու է 25 զորավարժություն։ Ընթացիկ տարում ցուցադրվելու են նաև տեղական արտադրության նոր նավեր, սուզանավեր։

Իրանական «Ալբորզ» ռազմանավը զորավարժության ժամանակ

Իրանական «Ալբորզ» ռազմանավը զորավարժության ժամանակ

2017-ի փետրվարին Իրանի ռազմածովային ուժերը անցկացրին «Վելայեթ-95» զորավարժությունը։ Զորավարժությունն ընդգրկել է  2 մլն քառակուսի կիլոմետր տարածք՝ Հորմուզի նեղուցից մինչև Օմանի ծոց և Բաբ էլ Մանդեբի նեղուց։ Զորավարժությանը փորձարկվել էին տեղական արտադրության հրթիռներ։

2016-ին Իրանի ՌԾՈւ-ն անցկացրել է նաև զորավարժություններ Իտալիայի, Պակիստանի ռազմածովային ուժերի հետ։

Իրանական ռազմանավերը  բարեկամական այցելություններով մեկնել են նաև Ադրբեջանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Ղազախստանի նավահանգիստներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *