Ադրբեջան. մարտի 25–31. ռազմական շաբաթվա ամփոփում

Ադրբեջանը կմասնակցի ԱՊՀ ԳՇ պետերի հանդիպմանը։ Ականազերծման աշխատանքներ են իրականացվելու։ Ադրբեջանի ԱԱԾ. Աճել են ազգային անվտանգության սպառնալիքները։ ԱՄՆ բարձրաստիճան զինվորականները ժամանելու են Ադրբեջան։ Ադրբեջանը մասնակցելու է Թուրքիայում կայանալիք ռազմական ցուցահանդեսին։

1. Մոսկվայում ապրիլի 10-ին կկայանա ԱՊՀ Շտաբերի պետերի կոմիտեի նիստը, որին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, նաև Ադրբեջանի ԳՇ պատվիրակությունները: Քննարկվելու են 1993-ին կնքված ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգի կիրառման և կատարելագործման մասին համաձայնագրում փոփոխությունների, մասնակից երկրների՝ ԶՈՒ պետական գաղտնիքները պահելու ծառայությունների փոխառնչությունները, տոպոգեոդեզիական և նավիգացիոն ռազմական համագործակցության, անդամ պետությունների տարածքում գամմա ճառագայթման թույլատրելի աստիճանի, համատեղ ԶՈՒ էլեկտրոնային տեղագրական քարտեզների դասակարգչի և ԱՊՀ երկրների ԶՈւ համատեղ միջոցառումների 2014-ի ծրագրի, Միասնական միջարխիվային ռազմական տեղեկատուի ստեղծման և 2012-ին ԱՊՀ ԶՈՒ թռիչքների անվտանգության հարցերը: ԱՊՀ Շտաբերի պետերի կոմիտեն կազմավորվել է 1996-ին:

2. Ադրբեջանում ականազերծման աշխատանքներ են իրականացվելու. ականազերծման ազգային գործակալությունը (ANAMA) մշտադիտարկում է անցկացնելու շփման գծից ոչ հեռու՝ Հադրութի շրջանի հատվածում գտնվող Միլի դրենաժային կոլեկտորում (Мильский коллектор): Ականազերծումը կսկսվի ապրիլին։ Ջրանցքի հատակը կջրազրկեն, որովհետև կասկածներ կան, որ պատերազմից այնտեղ չպայթած զինամթերք ու ականներ են մնացել: Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ մարտի 27-ին նույն շրջանի Ալխանլի գյուղում հակատանկային ական են հայտնաբերել ու վնասազերծել: Գործակալությունը ծրագրում է մոտ ապագայում ականազերծել Սումգայիթին կից՝ շուրջ 4 մլն մ² տարածքով Սիթալչայ կրակադաշտը (պոլիգոն): ANAMA-ի կայքում՝ հովանավորների շարքում, հիշատակվում են Ադրբեջանի կառավարությունը, ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), ԱՄՆ-ն, Ճապոնիան և այլ երկրներ։

3. Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովը հայտարարել է, որ ավելացել են երկրի անվտանգությանն արտաքին սպառնալիքները և բերել հետևյալ օրինակները.

  • 7 հոգուց բաղկացած խմբի վնասազերծում, որն ահաբեկչություն էր նախապատրաստում, ուներ մեծ քանակությամբ զենք-զինամթերք
  • 22 հոգուց բաղկացած խմբի վնասազերծում, որը համագործակցում էր այլ երկրների հետ, զբաղվում լրտեսությամբ, պատրաստվում ահաբեկչության
  • Eurovision-2012-ի ժամանակ քրեական պատասխանատվության են ենթարկվել արմատական տրամադրված 58 անձ
  • Ձերբակալել են 12 հոգու, որոնք փորձել են միջկրոնական վեճ ու զանգվածային անկարգություն հրահրել

Հավելենք, որ Մահմուդովը ոչ մի ամսաթիվ, անուն և այլ կարևոր տվյալներ չի նշում:

4. Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հայտնում է, որ ապրիլի կեսին ԱՄՆ բարձրաստիճան զինվորականներ են ժամանելու Ադրբեջան: Պատվիրակության կազմում լինելու են Եվրոպայում ԱՄՆ սպայական կազմի ներկայացուցիչներ: Այցի շրջանակներում քննարկվելու են ռազմական համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ ԱՄՆ-ի աջակցությունը ռազմաօդային ուժերին, կադրերի խնդիրները և այլ հարցեր:

5. Մայիսի 7-10-ը Ստամբուլում կայանալիք IDEF միջազգային ամենամյա ռազմական ցուցահանդեսին մասնակցելու է շուրջ 240 կազմակերպություն, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը: Հայտնի է նաև, որ ցուցահանդեսին ներկա են լինելու Ադրբեջանի պաշտպանության նախարարը և մի շարք բարձրաստիճան զինվորականներ: ԱՊՀ երկրներից մասնակցելու են Ռուսաստանը, Ղազախստանը և Ուկրաինան: Ադրբեջանն առաջին անգամ մասնակցել է IDEF ցուցահանդեսին 2009-ին, ապա՝ 2011-ին՝ կրկին Թուրքիայում, որտեղ ներկայացել է առանձին տաղավարով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *