Ադրբեջանի զինված ուժերի կորուստներն անցյալ շաբաթ

Մարտի 25-ին ադրբեջանական «Դոկտրինա» կենտրոնը հրապարակել է տարվա սկզբից Ադրբեջանի ուժային համակարգերում կորուստների տվյալները։ Համաձայն դրանց՝ մահացածների ընդհանուր թիվը 20 է, որից միայն երեքը՝ շփման գծում։ Մնացյալ կորուստները ոչ մարտական պայմաններում են. երեքը՝ դժբախտ պատահարների, երկուսը՝ ավտովթարների, երեքը՝ ուղղաթիռի կործանման, մեկը՝ անզգուշության, երեքը՝ հիվանդության, երկուսը՝ անհայտ պատճառներով։ Զոհվածներից 16-ը ՊՆ-ի, մեկը՝ Սահմանապահ զորքերի, մեկը՝ ՆԶ-ի, մեկը՝ ԱԻՆ-ի, մեկը՝ Պետպաշտպանության հատուկ ծառայության ներկայացուցիչներ են։ Վիրավորները 14 են. երեքը տուժել են ոչ կանոնադրական հարաբերություններից։

Մարտի 26-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ զինծառայող Մեհման Սադիգովը զոհվել է հայկական կողմի փոխհրաձգության ժամանակ, սակայն չէր նշել, թե շփման գծի կոնկրետ որ հատվածում։ Հիշատակվում էր նաև հրազենային վնասվածք ստացած և հոսպիտալ տեղափոխված 19-ամյա զինծառայող Ֆարիզ Աբդուլաևի մասին։

Հաջորդ օրը Ադրբեջանի ՊՆ խոսնակ Սաբիրօղլուի խոսքերով՝ Գետաբեկի շրջանում հայկական կողմի կրակի պատճառով մայոր Ասկերով Ջեյհուն Մալիկ օղլուն վիրավորվել է։ Շեշտել է նաև, որ հայերը, իբր մեծ կորուստներ կրելով, նահանջել են։ Սակայն համաձայն ՀՀ ՊՆ խոսնակի՝ հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտում չի եղել, և Ադրբեջանի ՊՆ հայտարարություններն իրականության հետ ոչ մի կապ չունեն։

Այս շաբաթ Ադրբեջանի ՊՆ-ից տեղեկացրել են ոչ մարտական ևս մեկ զոհի ու մեկ վիրավորի մասին։ Մարտի 24-ին Բաքվի ռազմածովային ուժերի նավաստի Մամեդով Ռուսլան Թաիր օղլուի տաբելային զենքից արձակված գնդակից որովայնի հատվածում վնասվածք է ստացել ու մահացել նավաստի Հումբաթով Ահմադ Բիննեթ օղլուն։ Միջադեպի առնչությամբ հետաքննություն է ընթանում։ Մարտի 29-ին Ջալիլաբադի շրջանի N զորամասում ծեծի և դանակահարության է ենթարկվել Գետաբեկի շրջանի բնակիչ Սուրեթ Մամեդովը (ծնվ. 1994թ.)։ Հաշվի առնելով զինվորի ծանր վիճակը՝ նրան տեղափոխել են Բաքվի հոսպիտալ։

Այսպիսով, շաբաթվա սկզբում «Դոկտրիանա»-ի հրապարակված 20 զոհերի թիվը մի քանի օրում հասավ 22-ի, վիրավորների թիվը՝ 17-ի։ Մարդու և ազատ խոսքի իրավունքներով զբաղվող «Մեդիայի իրավունքների կենտրոն» ՀԿ նախագիծ Freespace.az կայքն անդրադարձել է բանակում կասկածելի մահվան դեպքերին՝ ֆինանսավորելով Այնուր Զարրինթաջի հեղինակած ‘Onlar Yoxdur’ («Նրանք չկան») կարճամետրաժ ֆիլմը, որտեղ զինվորների անունները հնչելիս երևում են ոչ թե իրենք, այլ իրենց դատարկ ճտքավոր կոշիկները։ Զարրինթաջը ֆիլմը բնորոշում է որպես՝ «բանակում մահվան դեպքերի դեմ քաղաքացիական բողոքի մի ձև»՝ հավելելով, որ նման նախագծեր ապագայում էլ են լինելու։ Ֆիլմը YouTube-ում գրանցել է ավելի քան 30.000 դիտում։

Ադրբեջանի Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) ներկայացուցիչները մարտի 27-ին այցելել են ԼՂՀ ՝ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջևին՝ տեղեկություն փոխանցելով նրա ընտանիքից։ Հիշեցնենք, որ Ֆարաջևը (ծն. 1992թ.) 2012-ի հուլիսի 26-ին հատել էր Հայաստանի պետական սահմանն ու հանձնվել։ ՊՆ խոսնակ Ա. Հովհաննիսյանի խոսքերով՝ զինծառայողը չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան։

One response to “Ադրբեջանի զինված ուժերի կորուստներն անցյալ շաբաթ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *